1939 թվականին Նացիստական Գերմանիան սկսեց Երկրորդ աշխարհամարտը։ Արդեն 1941 թվականին Հիտլերը գրավել էր գրեթե ողջ Եվրոպան, իսկ 1943 թվականի ամռան դրությամբ օկուպացիայի տակ էր գտնվում ԽՍՀՄ եվրոպական մասի զգալի հատվածը, այդ թվում՝ Ուկրաինան, Բելառուսը, Մերձբալթիկան և այլն։ Հիտլերը նվաճված տարածքներում նշանակում էր օկուպացիոն ադմինիստրացիաներ, ստեղծում էր կանոնավոր բանակին կից գործող ոստիկանական ստորաբաժանումներ և այլ գերատեսչություններ, որոնք կոչված էին ապահովելու նվաճված տարածքների ներքին կարգուկանոնը և լոյալությունը զավթիչների նկատմամբ։
Այստեղ մի պահ դադար տանք պատմական էքսկուրսին և վերադառնանք մեր իրականություն։ Հայաստանում դե յուրե ստեղծվել է կոնսենսուս ընդդիմադիրներ ճակատում, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ադմինիստրացիան դավաճան են և սպասարկում են այլոց շահերը ու հաստատ ոչ հայկական շահերը։ Կարելի է ասել, որ միաբերան պնդում են, որ Նիկոլն այսօր կյանքի է կոչում թուրք-ադրբեջանական շահերը մեր երկրում, և ըստ այդմ, կարելի է Նիկոլին ու յուր թիմին անվանել թուրք-ադրբեջանական օկուպացիոն ադմինիստրացիա։
Ինչպես նշեցի, այս դիրքորոշումը թեև ունի կոնսենսուսային մոտեցում, բայց կարծես թե այն միայն դե յուրե է այդպիսին, որովհետև նման դիրքորոշման դե ֆակտո արտահայտումը պետք է փաստերով ու գործերով ամրագրվի։ Եվ այս կետից մենք պետք է կրկին վերադառնանք մեր պատմության էքսկուրսին։ Օրինակ՝ ինչ-որ մեկը պատկերացնո՞ւմ է, որ օկուպացված Ֆրանսիայի տարածքում Վիշիի մարիոնետ կառավարությունն արտահերթ կամ էլ հերթական ընտրություններ հայտարարեր, ու դրան մասնակցեր Շառլ դը Գոլը։ Սյուր է, չէ՞։ Ոչ պակաս, եթե չասեմ՝ ավելի սյուր է պատկերացնելն անգամ, որ Ուկրաինայի գաուլյայտերն ընտրություններ կազմակերպեր, և դրան մասնակցեր Ուկրաինայի կոմկուսը։ Ոչ միայն սյուր է, այլ աբսուրդ է։ Օկուպացիոն ադմինիստրացիան օկուպացիոն ադմինիստրացիա է, ու դրա դեմ ընտրություններով չեն պայքարում, որովհետև նման ընտրություններն իրենց փաստով իսկ կլինեն աբսուրդ ու անհեթեթություն։ Բոլոր ժամանակներում օկուպացիոն ադմինիստրացիաների դեմ միակ լեգիտիմ պայքարի ձևը եղել է ազգային-ազատագրականը, որը հաստատ ընտրախցիկներում չի լինում։
Կրկին վերադառնանք մեր իրականություն։ Ունենք քաղաքական ուժեր, որոնք ասում են, որ Նիկոլը դավաճան է ու, ըստ էության, օկուպացիոն ադմինիստրացիա, և ունենք Նիկոլ, որն ասում է՝ արտահերթ ընտրություններ եմ անցկացնելու... Քավ լիցի, ես այստեղ դատավոր չեմ, որի «դաբրոյով» պետք է առաջնորդվեն ընդդիմադիր ուժերը, բայց ես ունեմ կայուն կարծիք, որ պետական դավաճանի հետ ցանկացած համագործակցություն կա՛մ լեգիտիմացնելու է դավաճանին, կա՛մ հանցակից է դարձնելու այդ համագործակցությանը գնացածին։ Ասե՛ք, որ այդպես չէ։ Գուցե ես ու շատերը սխալվում ենք, բայց այդ դեպքում մեր սխալը հիմնվում է ոչ թե Նիկոլի, այլ Նիկոլի հետ ընտրությունների գնալ պատրաստվող ընդդիմադիրների հռետորաբանության վրա։ Եթե պատրաստ եք ընտրապայքարի մեջ մտնել նրա հետ, ուրեմն պետք է փոխեք ձեր քաղաքական բառապաշարն ու չներկայացնել նրան որպես պետական դավաճանի ու օկուպացիոն ադմինիստրացիայի։ Կարող են, օրինակ, ասել, որ Նիկոլը դավաճան ու օտարի շահը սպասարկող չէ, պարզապես սխալ քաղաքական կուրս է վարում, իսկ իրենք ունեն քաղաքական այլընտրանքային կուրս, որը դնում են ժողովրդի դատին։
Ես, իհարկե, խոր սկեպսիս ունեմ նման հռետորաբանության դեպքում ակնկալվող ձայների քանակի մասով, մանավանդ որ մոտավորապես այդպիսի հռետորաբանություն ցուցաբերում են Նիկոլի սատելիտները, բայց, այդուհանդերձ, ես կարծում եմ, որ այդպես ավելի ազնիվ կլինի։ Թե չէ ազգային-ազատագրական պայքարի հռետորաբանությամբ կարելի է ձևավորել, օրինակ, պարտիզանական շարժում, բայց ոչ նախընտրական շտաբ։ Դավաճանն ու օկուպացիան ադմինիստրացիան թշնամիներ են, իսկ թշնամիների դեմ քվեաթերթիկների քանակով չեն պայքարում։ Ինչպես ասում են ռուսները․ "Либо крестик снимите, либо трусы наденьте":