Երեկվա գրառումս, ոնց հասկացա ինձ ուղարկված նամակներից, զայրացրել է որոշ մարդկանց, ինչն ինձ համար ուրախալի է, քանի որ դա նշանակում է, որ բանակի հանդեպ անտարբերություն չկա, հետևաբար հույս կա Հայոց հզոր բանակը վերականգնելու:
Միևնույն ժամանակ վատ է, որ նոր է առաջանում բանակի հանդեպ այն զգացմունքային վիճակը, որը պետք է լիներ դեռ վաղուց: Այն պետք է առաջանար, երբ սորոսականները կազմաքանդում էին, վարկաբեկում ու վատաբանում էին բանակի հրամանատարությանը, գեներալիտետին, քարոզում էին կեղծ խաղաղասիրություն ու ազգ-բանակ գաղափարն էին ծաղրուծանակի ենթարկում: Պետք է լիներ հասարակության կոշտ արձագանք, երբ հայրենասիրությունը, բանակում ծառայելը ներկայացվում էին որպես հետամնացություն:
Պետք է լիներ անհանդուրժողականություն ու զայրույթ, երբ 40 օրից ավել ստորաբար խաբում էին բոլորիս, այդ թվում՝ բանակում ծառայող մեր տղաներին, պետք է լիներ հասարակության կոշտ արձագանք, երբ հազարավոր տղաների կյանքը զոհաբերվեց հանուն... կապիտուլյացիայի, երբ այլ հազարներին պարտադրվեց այդ ստորացուցիչ հանձնվելու ակտը:
Շատ բան պետք է լիներ, որ չի եղել, հետևաբար ունենք այն, ինչ ունենք, իսկ ես գրելու եմ այն ամենի մասին, ինչ կա իրականում:
Այո, դաժան է, ծանր է, ճշմարտությունը ցավոտ է, բայց միակ տարբերակը որևէ բան փոխելու այդ ճշմարտությունը գիտակցելն է, այլ ոչ թե կեղծ բարեպաշտության քողի ներքո ցույց տալը, թե իբր ամեն ինչ լավ է:
Մեր քաջ զինվորներին նորից մաղթում եմ ուժ, իսկ մեզ էլ՝ ողջախոհություն, որ կարողանանք ստեղծել այն հզոր բանակը, որին արժանի են մեր զինվորները: Հավերժ փառք մեր նահատակված տղաներին, գուցե նրանց ներմանն էլ արժանանանք՝ կերտելով այն բանակը, որն ունեինք, և որը հետևողականորեն քանդվեց...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել