Hetq.am-ը գրում է․
Կամո Առաքելյանը և նրա հայրը՝ Արթուր Առաքելյանը, մասնակցել են իրենց գյուղի՝ Քարին Տակի ինքնապաշտպանական մարտերին: Հայր ու որդի զոհվել են հոկտեմբերի 29-ին անօդաչու թռչող սարքի հարվածից: Նրանք «ՈՒԱԶ» մեքենայով գնում էին դիրքեր՝ վիրավորներին հանելու և երբ հասել են դիրքեր, անօդաչուն նրանց հարվածել է:
Առաքելյանների ընտանիքն այժմ բնակվում է Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում:
Մեր այցելության ժամանակ քարինտակցի հոր և որդու մահվան 2 ամիսն էր լրանում: Մեզ դիմավորում է Անին՝ Կամոյի ավագ դուստրը: Մինչ մեծահասակները պատմում էին, թե ինչպես են Կամոն և Արթուրը զոհվել, Անին կանգնել էր սենյակի մի անկյունում և լուռ լսում էր: Երբ ուզում էր ինքն էլ ինչ-որ բանել ասել, հուզմունքը սեղմում էր կոկորդն ու դադարում էր խոսել։
Կամոն և նրա կինը՝ Մանանան, 3 անչափահաս երեխա ունեն: Կինը պատմում է, որ Կամոն ամեն օր մինչև առավոտյան 10-ը զանգում էր, սպասում էին իր զանգին, ամուսինն ասել էր, որ իրեն չզանգեն, երբ հարմար լինի, ինքը կզանգի։ Այդ օրը Կամոն չզանգեց:
Մանանայի մայրն արդեն իմացել էր, որ փեսան զոհվել է, առավոտյան զանգահարել էր դստերը, հարցրել Կամոյի մասին: Մանանան ասել էր, որ ամուսինը զանգերին չի պատասխանում, բայց մայրն այդպես էլ դստերը չի հայտնել, որ Կամոն ու Արթուրը զոհվել են:
Հետո մայրը նորից է զանգել, հարցրել՝ նորություն չկա՞, այնուհետև ասել է, որ չգիտի՝ ճիշտ է, թե՞ սխալ, բայց Կամոն ու Արթուրը զոհվել են:
Լիլիան՝ Մանանայի սկեսուրը, զանգել է գյուղ, որտեղից էլ հաստատել են հոր ու որդու զոհվելու լուրը: Նրանց հուղարկավորել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիրում:
Կամոն Շուշիում անասնաբույժ էր: Արթուրը՝ Կամոյի հայրը, եղել է գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարը: 1992 թվականին էլ Քարին Տակ գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ առաջին հրամանատարի զոհվելուց հետո նա է ղեկավարել ջոկատը:
Հայր ու որդի բնավորությամբ շատ նման էին: Մանանան ասում է՝ Կամոն հորը շատ էր սիրում, հենց հայրը տանը մի գործ էր սկսում, իրենցը թողնում էր, գնում հորն օգնելու: Որդուն էլ հոր անունով է կոչել:
«Մեր տունը նոր էինք կառուցում, երեխաները փոքր էին, ասեցի՝ Կամո, արի Ստեփանակերտ կամ Շուշի տունը սարքենք, երեխեքն ամեն ինչից օգտվեն, ասեց՝ չէ, ես չեմ կարող, պիտի էստեղ սարքեմ, որ իմ պապային անընդհատ կարողանամ օգնեմ: Տենց էլ արեց, մինչև վերջ իր պապայի կողքին եղավ, իր հետ էլ զոհվեց»,-պատմում է կինը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ