Ինչքա՜ն հեռանամ
Քեզնից մանկություն,
Այնքան տենչում եմ
Քո գիրկը ետ գամ
ՈՒ քո խաղերով 
Նորից խենթանամ,
Քո անմեղությամբ
Նորից զարմանամ,
Քո այգաբացով
Անվե՜րջ հիանամ
ՈՒ մայրամուտով
Ոչի՜նչ չհասկանամ...
Աստղերիդ թիվը 
Հաշվել չիմանամ
Սրտնեղվեմ ու լամ…
ՈՒ առավոտ վաղ
Գոմից դուրս թռած 
Գառնուկի նման
Սարերդ փախչեմ
ՈՒ ծաղիկների
Բույրով արբեցած
Հենց սարալանջին 
Ընկնեմ ու քնեմ.
Միայն արթնանամ
Հորս համբյուրից,
Հորս գրկի մեջ
Միայն արթնանամ,
Իրիկվա զովից
Դողամ ու մրսեմ,
Հորս ջերմությամբ
Միայն ջերմանամ:
1981թ 

Այս բանաստեղծությունը գրել եմ հորս մահից հետո, մանկությունիցս
մնացած քաղցր հուշի վկայություն է: Իրոք ես շատ էի սիրում սարերում
շրջել, ծաղիկ հավաքել: ՈՒ մի օր ընկել ու քնել եմ սարալանջին:
Մութ էր արդեն, երբ շատ փնտրելուց հետո հայրս ինձ գտել էր սարալանջին 
կուչ եկած քնած: Այո, ես արթնացա հորս համբյուրից, որ ինձ իր գիրկն
առած տուն էր տանում... անբացատրելի է այդ պահը, այդ ջերմությունը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել