Tert.am-ը գրում է.

Բոլորի համար է պարզ, որ ԱԱԾ-ն նույնիսկ ցանկության դեպքում չի կարող հաստատել այդ տեղեկությունը, որովհետև դա օպերատիվ-հետախուզական բնույթի աշխատանքի էությանն է դեմ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի` գործակալ չլինելու մասին ԱԱԾ-ի հաղորդագրությանը:

«ԱԱԾ-ի հետ համագործակցում են բազմաթիվ ֆիզիկական անձինք, եթե, օրինակ, հաստատվի այս մի դեպքը, մյուս բոլորը չեն համագործակցի ԱԱԾ-ի հետ, որովհետև գաղտնիությունը այլևս պաշտպանված չի լինի»,-նշեց նա։

Ըստ Վարդևանյանի՝առնվազն վերջին շրջանում ԱԱԾ-ի կողմից տարածվող հաղորդագրությունները, կարծես թե, բացառապես իշխանամետ հայացքների պաշտպանության նպատակ են հետապնդում, այլ ոչ թե ազգային անվտանգության սպառնալիքների վերաբերյալ իրական, օբյեկտիվ տեղեկավտության տրամադրում։

«Դրա օրինակներից մեկն այն է, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո հարյուրավոր քաղաքացիներ իրենց վրդովմունքն արտահայտելու մեթոդ էին ընտրել ԱԺ ներխուժելը, վարչապետի մամուլի խոսնակն իր էջում դեպքի վերաբերյալ տեսանյութ տեղադրեց, որից հետո ԱԱԾ-ն տեղադրեց նույն տեսանյութը՝ ուղղակի ԱԱԾ-ին բնորոշ ձայնային ուղեկցմամբ։ Վերջին շրջանում մենք տեսել ենք ԱԱԾ-ի մոտեցումը հանրային հնչեղություն ստացած դեպքերին, հետևաբար ակնկալել, որ ԱԱԾ-ն այլ կերպ էր հաղորդագրություն տարածելու, միամտություն է»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ ԱԺ նախագահի՝ թշնամական գործակալ լինելու մասին տեղեկության տարածմանն առնվազն պետք է հետևեր քրեական գործի հարուցում,  իսկ դրա դեպքում պետք է անմիջապես քննության առարկա դառնար ԱԺ նախագահի լիազորությունների ժամանակավոր դադարեցման հարցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել