ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը երեկ «Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում մի շարք հայտարարություններ է արել՝ դառնալով սոցցանցի օգտատերերի հայհոյանքի թիրախ:

Նազարյանն ասել է, թե համաձայն չէ այն կարծիքների հետ, որ Արցախի կորցրած տարածքները պետք է վերադարձնել պատերազմի միջոցով։ Ըստ նրա՝ դա պետք է անել քաղաքական գործընթացի միջոցով:

«Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»,- ասել նա։

Սոցցանցի օգտատերերը հակադարձում են՝ թե այդ ումի՞ց էին Լենա Նազարյանն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը թույլտվություն հարցրել, երբ պատերազմի 4-րդ օրը, իմանալով, որ պարտվում ենք, մարդկանց 18 տարեկան երեխաներին գցում էին մսաղացը՝ ստիպելով մեռնել «բայրաքթարների» տակ:

Ումի՞ց էին թույլտվություն հարցրել, երբ, 44 օր հաղթանակի մասին ստելով, կապիտուլյացիայի հասցրին երկիրը:

Օգտատերերը մեղադրում են նրան ազգային երազանքից զրկելու, ծնկածի ու պարտվածի հոգեբանությամբ ապրելու քարոզ անելու մեջ:

Ինչպես նաև հարցադրում են անում, թե ինչպե՞ս են քաղաքական գործընթացով տարածքները հետ բերելու, երբ անգամ հերթական զիջումից հետո Փաշինյանը գերության մեջ գտնվող հայ զինվորների վերադարձի հարցն անգամ չկարողացավ լուծել, և ինչպե՞ս ենք խաղաղ ապրելու ադրբեջանցիների հետ, որոնք անգամ կապիտուլյացիա պարտադրելուց հետո շարունակում են սպառնալ, սպանել, թալանել ու գերեվարել հայերին:

Նշենք, որ երեկ երեկոյից բարձրացված հայհոյանքի ու քննադատության ալիքը մինչ այս պահը չի դադարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել