1Lurer.am-ը գրում է․
Նորվեգիայում 23 մարդ է մահացել, բոլորը՝ 80-ից բարձր տարիքի, կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech-ով պատվաստումից հետո: Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի վերջից թագավորության ավելի քան 25 հազար բնակիչ է պատվաստվել: Առաջինը եղել են Օսլոյի ծերանոցների բնակիչները՝ հայտնում է euronews-ը:
Դեղերի նորվեգական գործակալությունը եզրակացրել է, որ մահվան պատճառը դեղամիջոցի «կողմնակի էֆեկտների ֆոնին տարեցների մոտ արդեն առկա հիվանդությունների ծանր ընթացքն է»: Դեպքի կապակցությամբ գործակալության ներկայացուցիչ Ստեյնար Մադսենը նշել է հազվադեպ դեպքերում «վատառողջ տարեց հիվանդների մոտ ռիսկի գործոնի առկայությունը»: Նա բժիշկներին հորդորել է անհատական մոտեցում ցուցաբերել հիվանդների նկատմամբ, հիշեցրել, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել այնպիսի լուրջ հիվանդություններին, ինչպիսիք են սրտային անբավարարությունը, տկարամտությունը և քրոնիկ խանգարիչ թոքային հիվանդությունը: