1Lurer.am-ը գրում է․
Ամեն տարի Ազգային ժողովը ներում է շնորհում 27 տարին լրացած, զինծառայություն չանցած քաղաքացիներին, որոնք սահմանված տարիքը լրանալուց հետո պետբյուջե են վճարում օրենքով նախատեսված գումարը՝ ազատվելով քրեական հետապնդումից:
«Մենք որոշեցինք նման մոտեցումը դադարեցնել և խնդրին տալ համակարգային լուծում՝ նախաձեռնելով փոփոխություններ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում: Օրենքի ընդունմամբ կլուծվի հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների՝ Հայաստան վերադառնալու խնդիրը, նրանք ոչ միայն կազատվեն քրեական հետապնդումից, այլև լիարժեք մասնակից կլինեն երկրի հանրային կյանքին»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց հանձնաժողովի նախագահ, նախագծի համահեղինակ Անդրանիկ Քոչարյանը:
Նա հայտնեց, որ օրինագիծը շրջանառության մեջ է դրվել պատերազմից առաջ, սակայն պատերազմի ընթացքում նախագիծը չմտավ մեծ օրակարգ, և նոր փոփոխությունների անհրաժեշտություն առաջացավ: «Առաջարկում եմ քննարկենք նախագիծը, բայց ձեզ խնդրում ենք ժամանակավոր հետաձգել լիագումար նիստի օրակարգ ներառելը՝ հնարավորություն ունենալով մեկ ամսում ներկայացնել լրամշակված նախագիծը»,- ասաց Քոչարյանը:
Նա ներկայացրեց կատարված փոփոխությունները: Ըստ նախագծի՝ վարժական հավաքից խուսափելը օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում պատժվելու է կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով: Իսկ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, հայտարարված զորակոչից խուսափելը օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում պատժվելու է ազատազրկմամբ 2-6 տարի ժամկետով:
«Այս նախագծով գնում ենք խստացումների, այդ թվում՝ զորահավաքներից խուսափելու համար: Ինչպես նաև առաջարկվում է 27 տարին լրացած անձին քրեական հետապնդումից ազատվելուց հետո գումար վճարելու փոխարեն ծառայության անցնել պայմանագրային հիմունքներով՝ 2 տարի ժամկետով և պետության կողմից վճարվել դրա դիմաց»,- պարզաբանեց Քոչարյանը:
Հարցը հեղինակների խնդրանքով չներառվեց լիագումար նիստերի օրակարգ: