Հանրային հեռուստաընկերության եթերում հունվարի 13-ին Պետրոս Ղազարյանի հյուրը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանն էր: Վերջինը պատերազմի ընթացքում զբաղեցնում էր ԱԱԾ պետի պաշտոնը: Պետրոս Ղազարյանն անդրադարձավ նրան վերագրվող մի շարք մեղադրանքներին, բայց չտվեց ամենակարևոր հարցը՝ ինչու ազատվեց ԱԱԾ ղեկավարի պաշտոնից: 1400 հայախոս ադրբեջանցիներին հայկական անձնագրեր տրամադրելու, Շուշիի անկման օրը ինկասացիայի մեքենաներով ոսկի և գումար տեղափոխելու, հակառուսական քաղաքականություն վարելու և ռուսական գործակալներ բացահայտելու հետ կապված հարցերին, Արգիշտի Քյարամյանը պատասխանեց հանգիստ տոնով՝ որևէ հարցում չընդունելով մեղքի իր բաժինը, փոխարենը մեղադրանքներ հնչեցրեց Արթուր Վանեցյանի հասցեին, պատմեց, որ Շուշիից դուրս է եկել ոչ թե ինկասացիայով, այլ Սեյրան Օհանյանի հետ ոսկեգույն Նիսանով:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հարցազրույցը համարում է թույլ: ԱԱԾ ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձին պետք է տրվեր ամենակարևոր հարցը՝ ինչու է հրաժարական տվել, ինչ հանգամանքներում ու հովանավորությամբ է այդքան արագ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակվել: Հանրության համար այդ հարցը այդպես էլ մութ մնաց: Պետրոս Ղազարյանը մշտապես աչքի է ընկնում սուր հարցերով, երբեմն հարցախեղդ է անում հյուրերին՝ ստանալով հուզող հարցերի պատասխանները, մինչդեռ այս հարցազրույցի ժամանակ չափազանց պասիվ էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել