1915 թ.-ի ցեղասպանությունից հետո, երբ հայության թիվը խիստ կրճատվել էր, նույնիսկ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին «աչք փակեց» մինչև 7 սերնդի (պորտ) ամուսնությունների արգելքի վրա: Եթե չեմ սխալվում, իջավ 3 պորտ, քանզի այլ տարբերակ չկար, ու պետք էր դեմոգրաֆիայի հարցը լուծել:
Հիմա նույն խնդիրը կա, ու պատերազմից զատ՝ ունենք չբերության աճող տոկոս, չամուսնացածների ահագնացող թիվ, ու եկել է կտրուկ քայլերի ժամանակը:
1. Պետական ծրագիր չամուսնացած աղջիկների ու անպտղությամբ տառապող զույգերի համար: Բժիշկները թող ընտրեն անուններն այն միջոցառումների, որոնք անհրաժեշտ են ծնելիության աճ ապահովելու համար: Կլինի «էկո», սուրոգոատ մայրերի թվի ու ծառայության վճարի սուբսիդավորում, թե ինչ` չգիտեմ: Առողջապահության նախարարությունը պետք է գործ անի:
2. Փոխել վերաբերմունքը, մտածողությունն ու դրական, շատ դրական վերաբերվել չամուսնացած կանանց երեխա ունենալու հնարավորությանը: Երեխան Աստծո պարգև է ու ամենամեծ գործը, որ մարդը կարող է անել այս կյանքում:
3. Կտրուկ ավելացնել ծնված երեխայի համար վճարվելիք գումարը․ որտեղ 7 մլրդ պետական պարտքը, այնտեղ՝ 8 մլրդը: Եթե հիմա մենք թվապես չաճենք, ոչ միայն այդ պարտքերը մարել չենք կարողանա, այլև պետությունը կկորցնենք: Նայեք հարևան մահմեդական երկրների դեմոգրաֆիկ աճի տեմպերը:
4. Զարգացնել դպրոցների, մանկապարտեզների հասանելիությունը և հարմարավետությունը ծնողների տեսանկյունից և զարգացնել դայակների ինստիտուտը, կենտրոնացնել թաղամասերում մեկ վայրում կամ փոխհատուցել գումարի մեծ մասն ու դարձնել այդ ծառայությունը հասանելի:
Հ.Գ. Հարգելի ԱԺ ու Կառավարություն, մենք ծանրագույն կորուստներ ենք կրել, հազարավոր աղջիկներ կորցրել են իրենց ընկերներին, ապագա ամուսիններին, շտապ խորհրդակցություն հրավիրեք այս թեմայով ու դարձրեք այս հարցը թիվ 1-ը:
Հարգելի աղջիկներ ջան, կյանք է, չի ստացվել, չեք գտել ձեր կեսին, ռիսկով գնացեք ու երեխա ունեցեք բոլոր հնարավոր ճանապարհներով: Փոշմանելու եք, շատ ծանր է լինելու, երբ մեծանաք ու սերունդ չունենաք: Հիշեք` երեխայի ծնունդն Աստծուց է, մնացած հարցերին ուշադրություն չդարձնեք ու առաջ նայեք: Մենք մեր կորուստների հարգանքի տուրքը նաև այսպես պետք է մատուցենք, տղեքը պետք է «վերածնվեն», նրանց տեղը չպետք է դատարկ մնա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/3721752594549362
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել