Ինչպե՞ս ստացվեց, որ մենք (եթե ոչ բոլորը, ապա մի զգալի հատվածը) սկսեցինք չընդունել կամ, գուցեև, ատել մեր Հայրենիքը, իսկ ավել ճիշտ՝ նրա մի մասը՝ Արցախը (հետո կլինի Սյունիքը, ապա՝ Գեղարքունիքն ու Տավուշը և այդպես շարունակ)․․․
․․․ Մենք սկսեցինք նրան չընդունելով ատել դրսից արհեստականորեն ներդրված պիղծ քարոզչությամբ՝ վարկաբեկելով այն ամենն ու ամենքին, ինչ ազգային է և հերոսական: Ատեցինք բոլոր նրանց, ովքեր ստեղծել և ունակ են ստեղծելու․․․ Ատեցինք՝ հավատալով շինծու և պետականաքանդ քարոզիչների վայրահաչոցներին և այն բոլոր սին խոստումներին, որոնցով կերակրվում էր մեր «լուսավոր ապագան»: Մեզ տարիներ շարունակ համոզում էին, որ լավ ապրելու համար մեր «բեռը» ծանր է, և այդ բեռն Արցախն է․․․ Ու մենք, հավատալով այդ զառանցանքին, մոռացանք մեր հայրերի ու որդիների արյամբ ազատագրվածը․․․ Մոռացանք մեր հազարավոր զոհերի ու անհետ կորածների հարազատների համբերությունը՝ ոտնատակ տալով և, ի վերջո, նրանց տառապանքը ծառայեցնելով ընդդեմ Հայրենիքի։ Արդյունքը հայոց բանակի գնդապետի հետ «արա»-ով խոսող զինծառայողի ծնողն է, սպասումից ու անզորությունից ափերից դուրս եկած և պաշպանության նախարարության դարպասները մեքենայով ջարդող անհետ կորածի հայրն է և, վերջապես, այն իրականությունն է, որում հայտնվել է դրսից ու ներսից պատառոտվող մեր երկիրը․․․ Իսկ մենք տոնական կամ առօրյա խնջույքի սեղանի շուրջ նստած տակավին կենաց ենք բարձրացնելու՝ ի պատիվ մեր ազգի ու Հայրենիքի առանց գիտակցելու, որ ատելով սրբությունների պատիվ չեն պահում․․․
Դադարենք ատել ինքներս մեզ և անգամ նրանց, ովքեր մեր մեջ ներարկեցին սեփականն ատելու հանցավոր բնազդը․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1179185249164146&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել