Razm.info-ն գրում է.

Այսօր՝ օգոստոսի 6-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել՝ իբր հայկական կողմը «ամրապնդում է դիրքերը Տավուշի շրջանի Պառավաքար, Մովսես, Այգեձոր գյուղերի դիրքերում, ինչպես նաև Իջևանի կողմում՝ Վազաշեն ու Բերքաբեր գյուղերում»։

Ըստ այս հայտարարության՝ «հայկական ուժերը պարբերաբար կրակ են բացում դիրքերից՝ սրելով իրավիճակը շփման գծում»։

Ռազմինֆոն հարցի առնչությամբ մեկնաբանություն վերցրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից։ Վերջինս մանրամասնեց.

«Վերջին շրջանում ադրբեջանական կողմը հերթական սադրիչ գործողություններ է ծավալում։ Հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտվում է հենց իրենց կողմից։ Այս ամենի հետևանքով ունենք արդեն 3-րդ վիրավորը, ով սպա է։

Այս կապակցությամբ պաշտոնապես հայտարարում ենք ՝ ինչպես միշտ եղել է, այս անգամ էլ հայկական կողմը դիմելու է ավելի սաստիկ պատժիչ գործողությունների ու այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանը հրաժարվի իր սադրիչ մտադրություններից։ Սադրանքների ու կորուստների ողջ պատասխանատվությունն ադրբեջանական կողմի վրա է»։

ՊՆ մամուլի քարտուղարը հավելեց, որ վիրավոր սպայի մասին ՊՆ մամուլի ծառայությունը շուտով հաորդագրություն կհրապարակի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել