168.am-ը գրում է․

Հունվարի 11-ին Մոկսվայում ստորագրված եռակողմ հայտարարությունը, ինչպես և սպասվում էր, Հայաստանի իշխանական սազանդարների կողմից ներկայացվեց՝ որպես մեծագույն ձեռքբերում։ Ահա, դրանով, կբացվեն ճանապարհներն ու երկաթուղիները ու փողերը կհոսեն Հայաստան։ Սա՛ է իշխանական քարոզչության հիմնական թեզը, որը ներկայացվում է զանազան փաթեթավորումներով։

Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը վերցրեց փողը՝ ուղիղ թե փոխաբերական իմաստով, արդեն խիստ երկրորդական է։ Արցախը, Արցախի կարգավիճակն ու ընդհանրապես ղարաբաղյան իմաստը ստորադասվեց փողին, որի ավելացման հեռանկարների մասին Պուտինի հպարտ ներկայությամբ հայտարարեցին Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս, իհարկե, կցկտուր խոսեց Արցախի կարգավիճակի մասին, բայց դա հերթապահ հայտարարություն էր։ Գլխավորը ճանապարհների, իմա՝ փողի մասին հայտարարությունն էր, որը ստորագրած Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց՝ որպես դարակազմիկ իրադարձություն։

Նիկոլ Փաշինյանը Մոկսվա էր մեկնել հայ գերիների վերադարձի հարցը լուծելու նպատակով։ Համենայնդեպս, հենց դա էր նրա մոսկովյան այցից գլխավոր սպասելիքը, անգամ ինքն էր մեկնելու նախօրեին գրել, որ առանց գերիների վերադարձի հարցի լուծման՝ մյուս հարցերը չեն կարող լուծվել։ Բայց լուծվեցին։

Ու այդ լուծմամբ՝ ստորագրված հայտարարությամբ, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կրեց հերթական խայտառակությունն ու ստորացումը, այլև բացահայտեց իր, իր իշխանության հակամարդկային, սատանայական բնույթը։

«Եվ այդ մեկ մարդը դու ես» տրամաբանությամբ իշխանության եկածի իշխանությունը պետք է որ լիներ մարդակենտրոն, այդ իշխանության նպատակն ու խնդիրը պետք է որ լիներ մարդը ու էլի մարդը։

Այդպիսին լինելու դեպքում, ահա, այդ իշխանությունը տիեզերքում ցանկացած գո պետք է ստորադասեր մարդուն ու էլի մարդուն։ Եվ եթե իշխանությունն այդպիսին լիներ, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չպետք է որևէ հայտարարություն ստորագրեր, այլև չպետք է ոտք դներ հանդիպման որևէ սրահ՝ առանց բոլոր գերիների վերադարձի նախապայմանի անվերապահ կատարման։ Դա կլիներ մարդակենտրոն իշխանության միակ ու անայլընտրանք քայլը։

Բայց Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, կատարեց «իր քայլը» և փողը կամ փողի հեռանկարը գերադասեց մարդուն։ Մոսկվայում հայտարարության տակ իր ստորագրությունը դնելով՝ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ ադրբեջանաթուրքական փողի հնարավոր մուտքը Հայաստան իր համար ավելի կարևոր է, քան տասնյակ, իսկ որոշ տվյալներով՝ հարյուրից ավելի գերիների վերադարձը։

Նիկոլ Փաշինյանը վաճառեց գերիներին, նա մարդու կյանքը ստորադասեց ադրբեջանաթուրքական բեռնափոխադրումներին։ Նիկոլ Փաշինյանը վերցրեց փողը։

Իսկ Հայաստանում դեռևս թևածում է հարցը՝ ի՞նչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը Ալիևի՝ 5 միլիարդ դոլարի առաջարկին։

Այն դեպքում, երբ պատասխանը թաքնված է հունվարի 11-ին ստորագրված հայտարարության տեքստում։ Կամ՝ նաև այդ տեքստում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել