• Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ Հայաստանի հետ նույն հարկի տակ ապրում է նաև հակաՀայաստանը, որը խոր արմատներ ունի հայկական մշակույթի մեջ, և որի մարմնավորումն է երկրիս այսօրվա ղեկավարը (հղումն՝ այստեղ)։
• Նկատած կլինեք, որ այս օրերին այստեղ-այնտեղ ակտիվացել են թուրքերի հետ առևտուր անել ցանկացող, թուրքերին լավը համարող մարդիկ։ Դեռ մի կողմ թողնենք, որ սա պիղծ ցանկություն է մի ժամանակում, երբ դեռ ունենք ռազմագերիներ ու այդ նույն թրքասիրաց ազատության համար հայոց դաշտերում տակավին անթաղ հանգչող զինծառայողներ։
• Այստեղ կա ավելի ցավալի հակահայաստանյան մոտիվ։ Դիցուք, երբ մարդուն փորձում ես պարզ բացատրել, որ թշնամին ատում է մեզ, դաժան է տրամադրված, գլուխ է կտրում, ձեռք է կտրում, հաճախ լսում ես «Դե, հայերն էլ են անում» կամ «Դե, մենք էլ ենք արել» պատասխան։ Այսինքն՝ մարդը տարբերություն չի տեսնում մեր ու թշնամու միջև, մարդն իրականությանը չի նայում ՀԱՅՈՑ հայեցակետից, որ անգամ եթե ֆիզիկապես նույն գործողությունն ենք արել իրար հանդեպ, թուրքի գլուխ կտրողը մեզ պաշտպանողն է, մեր զինվորը, որ չի թողնում՝ թշնամին հասնի մեր տներին, իսկ հայի գլուխ կտրողը մեր թշնամին է, որ մեր գլուխն էլ կկտրեր, եթե ճակատագրի բերմամբ այդ հայի տեղում մենք լինեինք։
• Սա տիպիկ հակահայաստանյան դրսևորում է՝ հայ և թուրք թշնամանքին նայել ոչ թե ՀԱՅՈՑ հայեցակետից, այլ մի վերացական, համաշխարհային, կեղծ հումանիստական, «սպիտակ մարդու» դիրքերից, որ հավասարության նշան է դնում երկու «սև շների» միջև։ Մեծ հաշվով սա է մեզ 100 տարի շարունակ ասում Ռուսաստանը․ «Նույնն եք էլի, մի դռան շան պես յոլա գնացեք», սա է ասում Արևմուտքը՝ մեր հակամարտությունը դիտարկելով զուտ ինստրումենտալիստական դիրքերից՝ որպես «թերի միջնակարգ» ազգերի անհաշտ գզվռտոց և Մյունխենում՝ կամերաների առաջ, կռվեցնելով այդ երկու «սև շներին» (պատահական չէ, որ հայոց ղեկավարներից միայն հակաՀայաստանի կրողը համաձայնեց մասնակցել այդ խեղկատակությանը)։
• Ցավոք, նորից պիտի հիշենք, որ հակաՀայաստանը խիստ հայաստանյան երևույթ է։ Հիշո՞ւմ եք Չարենցի «Երկիր Նաիրիի» հերոս Մարուքե Դրաստամատյանին, որ «իրերի անհայտ բերումով, երկու-երեք ամսով եղել է Բեռլինում» և վերադառնալով ծննդավայր՝ չէր հիանում Կարսի բերդով և հիանում էր միայն «նոր ու կատարյալ» բաներով։ Նա հակաՀայաստանն է։ Իսկ Երկիր Նաիրիի այն բնակիչները, որ հիանում էին Կարսի բերդով, Հայաստանն են, որովհետև նրանց հայեցակետն ազգային է, նրանք հասկանում են, որ իրենց գոյության համար պարտական են այդ բերդին («Եվ թող ասի խնդրեմ պ. Դրաստամատյանը, այդ մեծամիտ «եվրոպացին». ինչո՞վ, ինչո՞վ պիտի պաշտպանվեր հնամյա այդ քաղաքը առաջին իսկ թշնամուց, եթե բերդը չլիներ»)։ Իսկ «դե մենք էլ ենք արել» ասողի հայեցակետն ապազգային է, նա չի հասկանում, որ այդ «անելը» եղել է իր գոյության համար, իսկ թուրքի «անելը»՝ իր չգոյության։
• Երկիր Նաիրիի հավերժական ընթացքի համար անհրաժեշտ է, որ Հայաստանն իր մեջ հաղթի հակաՀայաստանին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/3758727367507054
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել