Hraparak.am-ը գրում է․

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով, ըստ նախագահականի, կորոնավիրուսով պառկած է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում, մինչեւ հիվանդանալը մի ծավալուն հոդված է գրել պատերազմում մեր կրած պարտության պատճառների ու «Չորրորդ հանրապետության» կերտման մասին։ 2.5 տարի երրորդ հանրապետության կործանմանը լուռ հետեւած ու անգամ մասնակիցը դարձած Արմեն Սարգսյանը որոշել է 30 տարի հետ գնալ՝ հասկանալու համար, թե որոնք էին կործանման պատճառները, ապա նայել առաջ՝ փորձելով ապագայի զարգացման ու հզորացման տեսլական առաջարկել։ Նրա հոդվածում հստակ քննադատություն ու գնահատական կա նախկին իշխանության կատարած քայլերին, թե ինչ չեն արել կամ ինչն են սխալ արել, որ այսօր հայտնվեցին այս վիճակում։ Կա նաեւ հստակ գնահատական գործող իշխանությունների քայլերին՝ զուգահեռաբար վերահաստատելով, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որը պատասխանատու է վերջին 2.5 տարվա սխալների համար, պետք է հեռանա։

Արմեն Սարգսյանը կարծում է, որ պատերազմի պատճառած համազգային ցնցումից ու պարտադիր անցումային փուլից հետո մենք պետք է ձեռնարկենք նոր պետության կառուցումը, որը պայմանականորեն անվանում է «Չորրորդ հանրապետություն»:

Իսկ մինչ այդ նախ գնահատականներ է հնչեցնում անցած 30 տարիների սխալների մասով։
«Փոխանակ փոքր երկրների եւ ժողովուրդների հաջողված օրինակների հիմքի վրա պետական եւ ազգային շինարարության բովանդակալից ծրագրեր կազմելու, մենք զբաղվեցինք առավելապես իմիտացիոն գործունեությամբ»,- ասում է Հայաստանի ներկա նախագահը, ում հենց նախկիններն են բերել կարգել նախագահ։ Ապա շարունակում է Արցախի թեմայով․ «1994թ. մենք ազատագրեցինք Արցախը, եւ ընդհուպ մինչեւ 2020թ. սեպտեմբերի 27-ը մեզ մոտ չկար Արցախի քաղաքական ապագայի վերաբերյալ հստակ տեսլական։ Մենք տանուլ տվեցինք այն պահին, երբ Արցախը վերադարձնելու առաքելությունը համարեցինք ավարտված: Մենք բավարար ուշադրություն չդարձրինք Արցախի զարգացման եւ ամրապնդման իրական գրավականներին՝ բնակչության աճին (Արցախի բնակչությունն ինչքան որ կար, այդքան էլ մնաց), եւ ռազմական արվեստի կատարելագործմանը, սպառազինության նորացմանը, հագեցվածությանը եւ այլն»։

Ուշագրավ է, որ հասնելով մեր օրեր՝ Արմեն Սարգսյանը ներկաների թույլ տված սխալներին շատ ավելի նրբորեն է մոտենում ու խնայողաբար, քան նախկինների արածին։ Տպավորություն է, թե նա փորձում է, ներկաների առաջ քաշած կեղծ օրակարգով, ամբողջ մեղքը բարդել նախկինների վրա։ «2018թ. իշխանափոխությունը կարող էր մեր պատմության նոր փուլի սկիզբ դառնալ, որի համար կային ժողովրդական համախմբման, խանդավառության եւ աջակցության բավարար հիմքեր, սակայն այն դարձավ նախորդ փուլի վերջը՝ առանց առաջարկելու նոր գաղափարախոսություն: Վերջին պատերազմում պարտությունը հենց այդ համակարգի պարտությունն էր, ոչ թե զինվորի, ժողովրդի եւ ազգի»․ ահա սա է Արմեն Սարգսյանի հիմնական «քննադատությունը»՝ ուղղված գործող իշխանությանը, որն այս ամենի թիվ մեկ պատասխանատուն է եւ մեղավորը։
Զարմանալիորեն, Արմեն Սարգսյանը չի մոռացել նաեւ իր դերի ու նշանակության մասին՝ որպես սահմանադրորեն ամրագրված պետության գլխի։ «Իր դերը եւ պատասխանատվությունն ունի նաեւ հանրապետության նախագահը»,- կարծում է Արմեն Սարգսյանը։

Եվ, ըստ նրա, միակ տրամաբանական ու քաղաքակիրթ դեղատոմսը խելամիտ ժամկետներում արտահերթ ընտրություններն են՝ Ընտրական օրենսգրքի եւ Սահմանադրության անհրաժեշտ փոփոխություններով, որոնք թույլ կտան պետական շինարարության իրական գործընթացն սկսել մաքուր էջից: «Որպես պետության գլուխ եւ Սահմանադրության հետեւող՝ նախագահի ինստիտուտը կարող է դառնալ այն անփոխարինելի հարթակը, որտեղ երկխոսության միջոցով կձեւավորվեն ճգնաժամից դուրս գալու սահմանադրական ելքերը եւ մեխանիզմները»,- իր դերն ու պատասխանատվությունն է կարեւորում պարոն նախագահը՝ մի մարդ, ով 2.5 տարի հլու-հնազանդ կատարում էր Նիկոլ Փաշինյանի բոլոր քմահաճույքները։

Հայաստանի երրորդ հանրապետության չորրորդ նախագահը բարի ցանկություններով ֆուտուրիստական բնույթի իր հոդվածում խոսում է մեր թույլ տված սխալների մասին, բայց ոչ մի խոսք չի ասում իր սխալների մասին։ Արմեն Սարգսյանը չի ուզում խոստովանել, որ այս ամենի մեջ իր մեղքի բաժինն ու պատասխանատվությունն էլ կան՝ որպես պետության գլխի եւ նախագահի։ Նա, ունենալով գենետիկ անհամատեղելիություն Նիկոլ Փաշինյան տեսակի հետ, լուռ համաձայնում էր նրա ամեն մի կամայական որոշմանը, ստորագրում Փաշինյանի ցանկացած պետականաքանդ որոշում։ Նա դարձել էր բառի բուն իմաստով Նիկոլ Փաշինյանի մութ ցանկությունների դակողն ու իրականացնողը։

Մինչդեռ Արմեն Սարգսյանը կարող էր կանխել շատ բան, կարող էր նվազագույն քաղաքական ու սահմանադրական, ի վերջո՝ բարոյական ու հայրենասիրական կամք դրսեւորել եւ դեմ գնալ Փաշինյանի կայացրած արկածախնդիր որոշումներին։ Բայց նա մի կողմից պահանջում էր կառավարության ու վարչապետի հրաժարականը, մյուս կողմից ստորագրում նրա ուղարկած թղթերն ու հանդիպում այդ նույն վարչապետի հետ, ում հրաժարականն է պահանջում առայսօր։ Ու այսօր 2.5 տարի հանցավոր անգործություն ցուցաբերած Արմեն Սարգսյանը հոդված է հրապարակում այն մասին, թե ինչ չենք արել ժամանակին, ու ինչ պետք է անել հետո։
Ուշացած է, պարոն նախագահ, նույնիսկ շատ ուշացած։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել