168.am-ը գրում է․

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների պատվիրակությունը հունվարի 14-ին կժամանի Չինաստան նոր տիպի կորոնավիրուսի ծագման պատճառների հետաքննության համար: Հունվարի 11-ին այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն։

Ինչպես նշված է տարածված հայտարարության մեջ, այցի ընթացքում օտարերկրացի մասնագետները «համատեղ հետաքննություն կանցկացնեն չինացի գիտնականների հետ»:

Հունվարի 5-ին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը հիասթափություն է հայտնել այն պատճառով, որ Չինաստանի իշխանությունները ձգձգել են փորձագետների միջազգային գիտական խմբի ժամանման թույլտվություն տալու հարցը:

Ինչպես այնուհետեւ պարզաբանել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը, այդ ուշացումը բացատրվում է «համավարակի պայմաններում պաշտոնական ընթացակարգերի յուրահատկությամբ»:

Կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում, ինչից հետո տարածվել է երկրների մեծ մասում: 2020 թվականի մարտի 11-ին միջազգային կազմակերպությունն այն համավարակ է ճանաչել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել