Կարդացի նախագահի վերլուծականը` «Դեպի չորրորդ հանրապետություն» վերնագրով։ Գեղեցիկ եւ ականջահաճո մտքեր, երբեմն՝ ճիշտ շեշտադրումներ, սակայն իմ կարծիքով այդ ամենի մեջ պակասում էր կարեւորագույն մի բան` տվյալ իրադրության համար սեփական մեղքի զգացումը։ Երբ նույնիսկ հասարակ մահկանացուներս, շարքային ՀՀ քաղաքացիներս այս պարտության համար անընդհատ փորձում ենք մեր մեղքն էլ գտնել ու վերլուծել այն, ՀՀ նախագահի վերեւից արված վերլուծությունն ավելի շատ նման էր այլ երկրի նախագահի` կողքից տրված գնահատականի։
Միայն կխնդրեմ՝ այստեղ չգրեք, թե բա՝ իր ձեռքը ի՞նչ կա, 2.5 տարի է՝ չէին թողնում եւ այլ նման արտահայտություններ։ Ո՞ւմ է պետք «Բայդենի հետ մոտիկությունը», եթե առավոտյան մամուլից եք իմանում երկրում իրադրությունը։ Իրավ է ասված՝ աշխարհը չի սիրում պարտվողներին, իսկ արդարացումները լոկ արդարացումներ են։ Եթե նախագահը ցանկանում է, որ իր ասածներին ժողովուրդն ավելի լուրջ վերաբերվի, պետք է դադարի ժողովրդի մտավոր ունակություններն այդքան թերագնահատել։
Հ.Գ. Միգուցե ասածս ռոմանտիկ կհնչի, բայց երկրի ղեկավարի կերպարը` նախագահ կլինի, վարչապետ, թե թագավոր, մեծ թե փոքր լիազորություններով, ես այլ կերպ եմ պատկերացնում։ Իմ պատկերացրած ղեկավարը նոյեմբերի 10-ին ոչ թե հայտարարություններ կտարածեր, այլ կնստեր ինքնաթիռը, կթռներ Բաքու ու կխնդրեր հետ տալ գերիներին։ Թող իրեն չընդունեին այնտեղ, թող վատ ընդունեին, թող նույնիսկ գերի պահեին, բայց այդ ժամանակ ժողովուրդը կիմանար, որ ղեկավար ունի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել