168.am-ը գրում է․

Անվտանգության ի՞նչ ռիսկեր են պարունակում Արցախի ՊԲ-ՀՀ ԶՈւ կապի խզումը, որն այս պահին տեղի է ունենում: Մասնավորապես, այսօր Արցախից արձակուրդի եկած ժամկետային զինծառայողների ծնողները Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով, որ իրենց որդիներին չտանեն Արցախ, քանի որ ճանապարհն անվտանգ չէ, և ոչ ոք երաշխիք չունի, որ նրանք անվտանգ կհասնեն Արցախ:

168.am-ի հետ զրույցում ԼՀԿ Երիտասարդական միության քարտուղար, Ապրիլյան և արցախյան երրորդ պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը նշեց, որ այդ կապի խզումը նոր չի սկսվել:

«Այդ կապի խզումն այս պահին չի, որ սկսվել է: Այն իրականում միշտ խզված է եղել: Մարդիկ չէին ուզում, որ իրենց երեխաներն Արցախում ծառայեն, կարծես թե Արցախն ուրիշինն է, հայինը չէ, կամ արցախցունն է: Մարդիկ չեն հասկացել, որ դա մեր հայրենիքն է: Ես մի անգամ ասել եմ՝ ոչ թե ՀՀ-ն է Արցախի անվտանգության երաշխավորը, այլ՝ հակառակը: Մարդիկ մտածում են՝ դա զուտ տարածք է, հող է, էլի, ձեռքի հետ: Եվ այս պատկերացումը բերեց նրան, որ այս կապն էլ ավելի խզվեց: Եթե այն ժամանակ գոնե ինչ-որ մակարդակում այն պահպանվում էր՝ զորքերի ստորաբաժանումների միջոցով, կամ՝ բանակը հաղորդակից էր քաղաքացիների հետ, կար ազգ-բանակ կոնցեպտը, հիմա ես՝ որպես քաղաքացի, Արցախի մասին իմանում եմ իմ անմիջական հրամանատարների միջոցով, որոնց ենթակայությամբ ծառայել եմ, մեր ընկերների միջոցով, կամ ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրություններից և ռուսական լրատվամիջոցներից: Այս կապը քաղաքացին չի խզել, բայց քաղաքացին ի սկզբանե խզված է պահել: Ինչ վերաբերում է այսօրվա ակցիային, ես համազգեստով մարդկանց ակցիան չեմ արդարացնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ:

Ինչ է նշանակում՝ համազգեստ հագած մարդիկ հրաման չեն կատարում, որ մեկնեն Արցախ, դա նույնն է՝ մարտական խնդիր տան, և հրաժարվեն կատարել: Զոռով էլ պիտի տանել»,- նշեց նա՝ հավելելով, որ ՊԲ-ն հայկական զինված ուժերի ամենամարտունակ ստորաբաժանումն էր:

Իսկ այն, որ Արցախում ևս շահագրգիռ չեն այս կապի պահպանմամբ, Հրանտ Սարկիսովն ասաց, որ Արցախում անվտանգության ապահովման խնդիր ունեն, և այս դեպքում էական չէ՝ անվտանգության երաշխավորը ՀՀ-ն կլինի՞, թե՞ ռուս խաղաղապահները:

Անդրադառնալով զինծառայողների ծնողների պահանջին՝ անվտանգության երաշխիքների հետ կապված, Ապրիլյան պատերազմի մասնակիցը շեշտեց, թե ինչ-որ տեղ հասկանալի է ծնողների պահանջը, մտահոգությունը, մյուս կողմից՝ սա խոսում է բանակում կարգուկանոնի բացակայության մասին և իրավիճակի մասին ծնողների անտեղյակության:

«Սա նշանակում է, որ այս պահին ՊՆ-ն, զինված ուժերը, որպես այդպիսին, «չեն գործում», չկա կապ քաղաքացի-զինված ուժեր: Վերադառնալով ծնողների պահանջին, ասեմ, որ այս պահին Արցախում ծառայելն ավելի անվտանգ է, քան ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում: Այսօր անվտանգության երաշխիքներ այս մարզերում ծառայողներին է անհրաժեշտ: Մարդկանց հետ պիտի խոսել, անտեղյակությունը քաոսի է բերում, ինչի մեղավորը վարչակարգն է»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Հավելենք, որ 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ, գնդապետ Արմեն Ավթանդիլյանն Արցախում զինվորական ծառայություն իրականացնելու մասով հնարավոր փոփոխությունների առնչությամբ նշել էր. «Դա իմ պատասխանելու հարցը չէ, բայց ղեկավարությունն արդեն քննարկում է: Հենց դրա պատասխանը կունենամ՝ կներկայացնեմ»:

Հիշեցնենք, որ եռակողմ հայտարարության մեջ նշված է՝ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է՝ Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել