168.am-ը գրում է.
Նիկոլ Փաշինյանի խոսնակը հունվարի 7-ին պատասխանել էր Ալիևի այն հայտարարությանը՝ նշելով, թե ինչպես Ռուսաստանն ու Թուրքիան, այնպես էլ Հայաստանը կարող են օգտվել «Նախիջևանի միջանցքից», որը բացվելու է առաջիկայում։
Փաշինյանի խոսնակը մասնավորապես ասել էր. «Հայաստանը հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով հայկական բեռների Ռուսաստանի Դաշնություն և Իրանի Իսլամական Հանրապետություն և հակառակ ուղղությամբ տեղափոխելու հնարավորությամբ: Հետաքրքրված ենք դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական բեռների ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի միջոցով տեղափոխման հնարավորությամբ, իսկ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ հատկապես երկաթուղային տրանսպորտով փոխադրումներով: Այս համատեքստում, բնականաբար, Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի Արևելյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև»։
168.am–ի հետ զրույցում տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանն անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, նշեց՝ այն չի համապատասխանում նոյեմբերի 9-ի չարաբաստիկ եռակողմ համաձայնագրի դրույթներին ու կետերին։ Այդ համաձայնագրում խոսվում է ճանապարհների ապաշրջափակման մասին, բայց Ալիևը խոսում է միջանցքի ստեղծման մասին։
«Այսօր մենք գործ ունենք տարածքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ սահմանելու Ադրբեջանի նկրտումների հետ։ Օրինակ, մենք ունենք Լաչինի միջանցք, որտեղով ելք ու մուտք ենք անում, որևէ խնդիր չունենք, այդ միջանցքը վերահսկում են ռուս խաղաղապահները, այդ միջանցքի վրա հայկական և ադրբեջանական կողմերը չունեն որևէ լիազորություն։ Եթե Հայաստանի տարածքով Ադրբեջանին տրամադրվում է միջանցք, ապա դա շատ վտանգավոր է, մասնավորապես, եթե դրա նկատմամբ մենք չենք ունենալու որևէ վերահսկողություն։ Մյուս կողմից էլ՝ վտանգն այնքան է մեծ, որ մեզ հարկավոր է երկար տարիներ, որպեսզի մենք կարողանանք թուրքերի ու ադրբեջանցիների հետ գանք կոնսենսուսի։ Այս փուլում խոսել նման բաներից՝ լի է վտանգներով։ Նաև հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանն այստեղ որոշում կայացնող չէ, պարզապես նա իրեն առաջարկած տարբեր տեսակի առաջարկներն ընդամենը պետք է ստորագրի։ Նա որևէ կերպ չի կարող բանակցել կամ այդ առաջարկներին դեմ գնալ, այսինքն՝ այստեղ նրա խոսքն այլևս էական ու կարևոր չէ, հարցը լուծված է՝ պարզապես սուվերեն պետության ղեկավարի ստորագրությունն է հարկավոր»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը։
Ըստ փորձագետի, նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը ստորագրվել է բոլորովին այլ ձևաչափով ու պայմաններով, բայց իրողություններն այլ են։ Այսինքն՝ Հայաստանն անընդհատ հանդես է գալիս զիջողի դերում։
«Մենք գործ ունենք անհասկանալի իրողության կամ գաղտնի պայմաններում ձեռք բերված պայմանավորվածության հետ, որին փորձում են միս ու արյուն տալ։ Մեծ վախ ունեմ հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված հանդիպման հետ կապված, որովհետև այդ հանդիպումը կարող է ևս սթրեսային իրավիճակներ ստեղծել մեզ համար, ինչպես եղավ նոյեմբերի 9-ին, և Հայաստանը դնել շատ ավելի վատ վիճակի մեջ»,- հավելեց Կ. Հովհաննիսյանը։
Նրա բնորոշմամբ՝ այս ամենը վկայում է Հայաստանի իշխանությունների ոչ դիվանագետ լինելու մասին, քանի որ պայմանագրի առաջին կետը պետք է լիներ գերիների փոխանակման և վերադարձման, ոչ թե հայկական տարածքների հանձնելու մասին։ Հետևաբար՝ այսօր Ադրբեջանը կարող է միջանցք, տարածք ու գյուղեր ուզել։
«Անընդհատ պատճառաբանել, թե Հայաստանն այլ ճանապարհ չունի գերիներին վերադարձնելու համար, քան տարածքներ տալը, սա պետականորեն ճիշտ չէ։ Նախ, Ադրբեջանն այլևս գերիներին ռազմագերիներ չի համարում, այլ հանցագործներ, և նրանց վրա հոդվածներ է դրել, հետաևաբար՝ այստեղ պետք է աշխատենք ոչ թե ուղիղ, այլ միջազգային կառույցների հետ միջնորդավորված՝ Ադրբեջանին պարտադրելով, որպեսզի նա կատարի իր առջև դրված պարտավորությունները, որն ամրագրված է եռակողմ փաստաթղթով»,- շեշտեց նա։
Նա նաև ընդգծեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ելքերի մասին բազմիցս է խոսել. «Կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը պետք է հեռանա, ավելին՝ նա պետք է հեռանար, որպեսզի իրեն չպարտադրեին շատ ավելի ծանր զիջումներ ու խայտառակ պայմաններ, քանի դեռ այդ հեռացումը տեղի չի ունեցել, ցավոք, ունենալու ենք ցավալի կորուստներ։ Չեմ զարմանա, եթե մի օր Ադրբեջանը Հայաստանին պարտադրի, որպեսզի նվազեցնի զորքերի քանակը, որպեսզի իր սադրիչ գործողություններն ամբողջությամբ իրականացնի Հայաստանի նկատմամբ»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։
Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: