168.am-ը գրում է.

Վենեսուելայի իշխանություններն առաջիկա երեք ամսվա ընթացքում մտադիր են COVID-19 կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին ներարկումն անել իր 10 մլն քաղաքացիների: Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ  Նիկոլաս Մադուրոն: «Հաջորդ 90 օրվա ընթացքում Վենեսուելան 10 մլն մարդու պատվաստում կանցկացնի:

Նրանք կընտրվեն՝ հաշվի առնելով իրենց մասնագիտությունը եւ այն, թե վիրուսը որքանով է նրանց համար վտանգավոր»,-ասել է Մադուրոն, որի խոսքը մեջբերում են լատինամերիկյան ԶԼՄ-ները:

Ավելի վաղ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիեւը հայտնել է, որ Ռուսաստանը կես տարվա ընթացքում պլանավորում է Վենեսուելա հասցնել «Սպուտնիկ V» պատվաստանյութի 10 մլն չափաբաժին:

«Նրանք (Վենեսուելան) հայտարարել են, որ պատրաստ են 10 մլն չափաբաժին գնել: Դա, անպայմանորեն, կձգվի կես տարի կամ նույնիսկ փոքր-ինչ ավելի: Մենք նրանց հետ սերտ շփման մեջ ենք մատակարարումները որքան կարելի է ավելի արագ սկսելու համար»,-ասել է Դմիտրիեւը՝ հանդես գալով «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: ՌՈւՆՀ-ի ղեկավարը նշում է, որ ռուսաստանյան պատվաստանյութը գնելու մյուս երկրների մտադրությունը դրա որակի եւ այն գիտնականների աշխատանքի որակի լրացուցիչ նշան է, որոնք այն ստեղծել են:

Դեկտեմբերի 29-ին Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտնել է, որ երկրի իշխանությունները պլանավորում են ձեռք բերել ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի 10 մլն չափաբաժին:

Վենեսուելան ավելի վաղ իր տարածքում անցկացրել է այդ պատվաստանյութի թեստավորում: Մյուս լատինամերիկյան երկիրը՝ Արգենտինան, դեկտեմբերի 29-ին սկսել է պատվաստման արշավ՝ կիրառելով ռուսաստանյան այդ պատվաստանյութը: «Սպուտնիկ V»-ն դարձել է կորոնավիրուսի դեմ ՌԴ-ում գրանցված առաջին պատվաստանյութը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել