Իմ անունը Միա է: Այդպես են ինձ կանչում ընկերներս, այդպես էին կանչում հարազատներս, այդպես եմ ներկայանում ծանոթանալիս և վերջապես այնպես են տղամարդիկ շշնջում, երբ գտնվում են հաճույքի գագաթնակետին: Բայց այսօր տղամարդկանց մասին չենք խոսելու, թեև բլոգս, որ այսօր բացում եմ, տղամարդկանց մասին է լինելու:
26 տարեկան եմ: Հորոսկոպիս նշանը՝ երկվորյակ: Ծնվել եմ Հայաստանում, մեծացել Ռուսաստանում, ապա տեղափոխվել հայրենիք, թեև այստեղ ինձ նման մարդկանց կյանքը հեշտ չէ: Բայց չեմ բողոքում, ինձ դուր է գալիս:
Մայրս չկայացած ջազային երգչուհի է, հայրս կայացած գործարար: Նրանք այժմ էլ Ռուսաստանում են. ապրում են էլիտար շենքում և հաճախ վախենում սքինհեդների զոհ դառնալ:
17 տարեկանում եկա Հայաստան: Ապրում էի տատիկիս տանը: Ընդունվեցի համալսարան, գերազանցությամբ ավարտեցի, թեև մասնագիտության բերումով ֆրանսերեն «չռթելու» փոխարեն սովորեցի միայն «chercher la femme» արտահայտությունը, որ մինչ այդ էլ գիտեի: Ոչ, ես ալարկոտ չեմ, պարզապես ֆրանսերենն ինձ հասցրեց ձանձրացնել մինչև մենք կավարտեինք սերտել ողջ այբուբենը:
Փոխարենը տարվեցի աուդիտով, մի քանի տասնյակ դասընթաց ավարտեցի ու 24 տարեկանում հայտնվեցի աուդիտորական ընկերությունում:
Տատիկիս մահվանից հետո ամբողջովին վերանորոգեցի բնակարանը (քիչ փող չեմ վաստակում): Հայրս էլ ինձ ոչ մի բանում չի մերժում, բայց ոչ թե որ ինձ շատ է սիրում, այլ պարզապես այլ տարբերակ չունի: Դա մի ուրիշ պատմություն է, մի օր կպատմեմ:
Այսպես, ապրում եմ գեղեցիկ բնակարանում, մենակ, բայց ոչ միայնակ: Ընկեր չունեմ, փեսացու չունեմ, բայց տղամարդկանց հարցում քաղց չեմ զգում: Կույս չեմ:
Գեղեցկության մասին բոլորիս պատկերացումները տարբեր են. ես ինձ սուպեր-գեղեցիկ եմ համարում: Բարձրահասակ եմ. երկար սև մազեր, երրորդ համարի կուրծք, կլորիկ հետույք, հյութեղ շրթունքներ (թեև պիտի խոստովանեմ՝ բժշկական միջամտության եմ դիմել): Ինձ միշտ կտեսնեք կարմիր շրթներկով և մանիկյուրով: Մանկուց մտածել եմ, որ կարմիր գույնը կնոջն առեղծված է դարձնում: Մարմնիս ինտիմ հատվածում ունեմ դաջվածք, որի իմաստը ոչ ոք չգիտի: Երևի թե ես էլ չգիտեմ: Ի դեպ եթե արտաքինիս մասին կարդալիս ինչ-որ ծանոթ մեկին մտաբերեցիք, կարող եմ շտապել և ասել, որ արտաքինիս մասին գուցե ստել եմ, ո՞վ գիտի
Որքան էլ շրջապատված լինեմ տղամարդկանց ուշադրությամբ, ունենամ ինձնից խենթ ընկերներ, երբեմն երբ երեկոյան տուն եմ գալիս, ինձ միայնակ եմ զգում: Այդ երեկոներից մեկին էլ որոշեցի բլոգ բացել ու կիսվել ձեզ հետ իմ մտքերով ու այն ամենով, ինչ կկատարվի իմ կյանքում: Այո, ես ազատ եմ ապրում, չունեմ սահմանափակումներ, անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս: Եթե մտքիս փչի կամրջի տակ սեքսով զբաղվել, ես դա կանեմ: Գուցե մտածեք՝ խենթ եմ, գուցե այդպես էլ կա, բայց կյանքը մեկ անգամ է տրված. պիտի վայելես: Ես այդպես եմ մտածում: Դուք ազատ եք ձեր ընտրության մեջ. կարող եք կարդալ ու հետևել ինձ, կարող եք հենց այս րոպեից հայհոյել ինձ ու փակել բլոգը: Ես ազատ եմ ծանոթանալ ընթերցողներիս հետ, եթե այդպիսիք կլինեն: Իսկ եթե բլոգս օրական մի մարդ էլ չմտնի, ես, միևնույն է, շարունակելու եմ գրել ու կիսվել այն ամենով, ինչ ապրում եմ:
Այսպիսով, Միայի բլոգն այսօրվանից համարում եմ բացված: Կհանդիպենք…