Ազգությամբ նա քուրդ էր, բայց դարձավ Եգիպտոսի սուլթան: Նրա անունը նշանակում էր «Հավատի պատիվ», և նա իրոք իր կրոնի պատիվը բարձր է պահում մինչ օրս: Նա ասպետների ահն ու սարսափն էր, բայց իր թշնամի քրիստոնեական առաջնորդներից ամենաասպետավայել բարքերն ուներ: Կյանքը սկսելով որպես վարձկանների տոհմի ներկայացուցիչ` վախճանվելուց նա արդեն մահմեդական աշխարհի հերոսն էր: Նա Սալադինն էր...

Կյանքի առաջին փուլ

Եգիպտոսի սուլթանների Այուբյան արքայատոհմի հիմնադիր Սալահ ադ-Դինի լրիվ անունը Յուսուֆ իբն Այուբ էր, իսկ Սալահ ադ-Դինը նրա մականունն էր: Ազգությամբ հայկական քուրդ այս մեծ առաջնորդը սերում էր սերունդներով վարձկանությամբ զբաղվող զինվորականների տոհմից: Նրա պապը՝ Շազին, ապրում էր հայկական Աջդանական քաղաքում, որտեղ էլ ծնվել է Սալադինի հայրը՝ Այուբը: Ինքը՝ Սալադինը, ծնվել է Տիկրիտ քաղաքում, որի ղեկավարն այդ ժամանակ նրա հայրն էր:
Ուշագրավ է, որ իր պատանեկության տարիներին Սալադինը երբեք էլ չէր ձգտում ռազմական կարիերայի ու նախապատվությունը տալիս էր պալատական կյանքին, գիտություններին և արվեստներին, սակայն լինելով ռազմական տոհմի ներկայացուցիչ` նա չէր կարող ամբողջովին հրաժարվել իր նախնիների գործից:

Նա բավականին երիտասարդ էր, երբ իր հորեղբայրը նրան սկսեց տանել խաչակիրների դեմ արշավանքների: Երկու այդպիսի արշավանքների մասնակցելով` Սալադինը իրեն դրսևորեց շատ համեստ ու արժանապատիվ, միևնույն ժամանակ, փայլեցին նրա ռազմավարական ու մարտավարական տաղանդները, ինչպես նաև բնածին առաջնորդական հակումները: Նա շատ արագ մեծ հարգանք ու պատկառանք ձեռք բերեց հորեղբոր զինվորների մոտ:

Իշխանության սկիզբ

Սալադինի բացառիկությունը կայանում է նաև նրանում, որ նրա ողջ կյանքի ընթացքում նրա բախտը միշտ բերել է, իսկ այլոց կարծիքով՝ նա միշտ հայտնվել է հենց այնտեղ, որտեղ պետք է և արել է հենց այն, ինչ պետք էր անել: Բանն այն է, որ Սալադինը պատմական թատերաբեմում հայտնվեց մահմեդական աշխարհի ամենածանր ժամանակաշրջանում, երբ իսլամական տերությունների մեջ թշնամանք էր տիրում. Բաղդադի խալիֆը անընդհատ հակամարտությունների մեջ էր Սելջուկական տերության ու իսլամի տեսակետից աղանդավորնների իշխանության տակ գտնվող ֆատիմյան Եգիպտոսի հետ: Բացի դրանից` մահմեդական տերությունները անընդհատ ցնցվում էին ներքին ապստամբություններից ու գահակալական կռիվներից:
Այս խռովություններին էլ հավելվում էր քրիստոնյա խաչակիրների գործոնը, ովքեր մահմեդականների համեմատ անհամեմատ ավելի միահամուռ էին ու սկզբունքային, և նրանց հարվածների տակ արդեն ընկել էին ոչ միայն Սուրբ Հողի կարևորագույն քաղաքներն ու տարածքները, այլև խաչակիրների դրոշն էր բարձրացվել Ալեքսանդրիայում:
Հենց նման պատմական պայմաններում էլ Սալադինի հորեղբայրը հայտնվեց Եգիպտոսում՝ իր զորքի հետ հանդերձ, բայց կարճ ժամանակ անց նա անհասկանալի պատճառներով վախճանվեց, և իր համար անսպասելիորեն Սալադինը նշանակվեց Եգիպտոսի ռազմական առաջնորդ՝ շնորհիվ զորքում ունեցած իր անվիճելի հեղինակության, ինչպես նաև այն բանի համար, որ նա ոչ մի պալատականի կամ իշխանավորի հետ կոնֆլիկտային հարաբերություններ չուներ և այդ կերպ հանդիսանում էր իդեալական փոխզիջում՝ հակամարտող կողմերի համար:
File:Saladin the Victorious.jpg

Իրականում հաշվարկը պարզ էր՝ Սալադինի մեջ ոչ ոք մրցակից չէր տեսնում և նրան որպես ժամանակավոր ֆիգուր էին դիտարկում: Բաղդադի խալիֆը Սալադինի նշանակման մասին անգամ այսպիսի արտահայտություն է արել. «Մեր մեջ չկա ավելի երիտասարդ ու թույլ մարդ, քան Սալադինն է, և նա երբեք չի կարողանա մեր խնամակալության տակից դուրս գալ: Կգա ժամանակ, երբ մենք կգտնենք միջոցներ՝ նրա զորքերին մեր կողմը քաշելու, իսկ երբ նրա բանակը մեր կողմն անցնի, ապա մենք առանց որևիցե խնդրի կազատվենք Սալադինից»:

Սակայն Սալադինը ավելի քան տաղանդավոր ղեկավար գտնվեց և խառնեց իր չկամեցողների պլանները: Առաջին բանը, որ նա արեց, դա արմատական բարեփոխումների իրականացումն էր Եգիպտոսի բանակում, որը անընդհատ պառակտումների մեջ էր՝ էթնիկ խմբավորումների պատճառով: Հենվելով բանակի քրդական և թյուրքական խմբավորումների վրա` Սալադինը դաժանորեն հաշվեհարդար տեսավ սևամորթ ռազմիկների պարագլուխների նկատմամբ, իսկ հայկական զորաջոկատներին զինաթափեց և փակեց զորանոցներում, իսկ նրանց ավարի մի մասը բաժանեց քրդերին ու թյուրքերին: Արդեն 1172 թվականի սեպտեմբերին Սալադինը հանդիսանում էր Եգիպտոսի դե ֆակտո միապետը, իսկ երբ կարճ ժամանակ անց Եգիպտոսի խալիֆ ալ Ադիդը մահացավ տարօրինակ հանգամանքներում, Սալադինը դարձավ նաև դե յուրե միապետը:
Սալադինը պարտության է մատնում խաչակիրներին 

Սալադինը արագորեն կարգավորեց իր իշխանության հարցը՝ ֆորմալ ընդունելով սելջուկյան սուլթանի գերիշխանությունը, բայց վերջինիս մահվանից անմիջապես հետո գրավեց Սիրիան, Լիբիայի այսօրվա տարածքը զբաղեցնող Տրիպոլիտանիան, Կայրուանը (Թունիսը), Նուբիան (Սուդանը) և Եմենը: Այնուհետև Սալադինը փաստացի օրինականացրեց իր այդ նվաճումները՝ ամուսնանալով մահացած սուլթանի այրիներից մեկի հետ՝ այդ կերպ վերածվելով իսլամական աշխարհի ամենաազդեցիկ առաջնորդի: Երբ այս ամենն ավարտված էր, սուլթան Սալադինը կենտրոնացավ իր գլխավոր՝ խաչակիներին ծովը շպրտելու նպատակի իրականացմանը:

Խաչակիրների հետ առաջին բախումները Սալադինին ցույց տվեցին, որ զուտ ռազմական ուժով խաչակիրներին դիմակայելը գրեթե անհնար է: Առաջին ճակատամարտում Սալադինի բանակը գլխովին ջախջախվեց, իսկ ինքը՝ Սալադինը, փրկվեց՝ միայնակ անապատ փախչելով: Սակայն այս հանճարեղ մարդը չընկրկեց և սկսեց խաչակիներին թուլացնել տնտեսական պատերազմի միջոցով՝ նրանց ձեռքից խլելով Կարմիր ծովով ու իր տերության տարածքներով դեպի Միջերկրականի ափերին հասնող այն ժամանակվա ամենաթանկարժեք ապրանքից՝ համեմունքներից, գոյացող եկամուտի առյուծի բաժինը:

Մի քանի տարի անց խաչակիները սկսեցին հերթով սնանկանալ, իսկ նրանց սյուզերենները՝ եվրոպական արքաները, սկսեցին ավելի ու ավելի անհանգստանալ: Եվրոպայում սկսվեցին նոր խաչակրաց արշավանքի կոչեր հնչել, իսկ Սալադինն իր հերթին Ղուրանի վրա երդվեց, որ չի հանգստանա, մինչև հաշվեհարդար չտեսնի իսլամի թշնամիների հետ: Հենց այս պահից սկսվեց երկարամյա կենաց-մահու պայքարը՝ Սալադինի ու խաչակիրների միջև, քանի որ երդվելով Սալադինը ռիսկի տակ էր դրել ոչ միայն իր` ղեկավարի հեղինակությունը, այլև ռազմիկի պատիվը:

Հարմար պատրվակ հանդիսացավ ժամանակի ամենաէքսցենտրիկ խաչակիրներից մեկը՝ Ռենե դե Շատիյոնը, ով ի դեպ մեծ վնասներ էր պատճառել նաև Կիլիկյան թագավորությանը: Շատիյոնը ժամանակին մի քանի տարի գերության մեջ էր գտնվել արաբների մոտ, մինչև նրան ազատ չէին արձակել՝ անձամբ Սալադինի հրամանով: Շատիյոնը փորձեց ճեղքել Սալադինի կողմից ստեղծված շրջափակման օղակը և իր զորաջոկատով հարձակվեց եգիպտական քարավանի վրա, որի մեջ էր նաև Սալադինի քույրը: Սա իսկական ապտակ էր Սալադինին և այն ժամանակների բարքերով՝ աններելի վիրավորանք էր տիրակալների համար, անգամ եթե նրանք ուզենային ներել, իսկ Սալադինը բնավ էլ չէր պատրաստվում ներել...

Սակայն խորամանկ Սալադինը միանգամից չհարձակվեց, այլ պահանջեց Երուսաղեմի արքա Գվիդո դե Լուզինյանից, որպեսզի հատուցվեն պատճառած նյութական վնասները, և պատժեն մեղավորներին, բայց Երուսաղեմից պատասխան չստացվեց, ինչը արդեն բարոյական իրավունք տվեց Սալադինին սուրբ պատերազմ հայտարարել անհավատներին:
Հենց առաջին խոշոր բախումում՝ Խաթթինի ճակատամարտում, Սալադինը գրեթե ոչնչացրեց խաչակիրների ողջ բանակը: Գերիներն այնքան շատ էին, որ ստրուկների շուկայում մեկ խաչակիրի դիմաց մեկ զույգ կոշիկ էին տալիս, իսկ եգիպտական բանակի բոլոր վրանների պարանները չէին հերիքել, որպեսզի կապոտեին բոլոր գերիներին: Հատկանշական է, որ Սալադինի հրամանով գերիներից գրեթե ոչ մեկին չէին սպանել, չհաշված 200 ասպետների, որոնք մտնում էին Տաճարի ու Հովհաննեսի միաբանությունների մեջ (տամպլիերներ ու գոսպիտալիերներ), ում Սալադինը հայտարարել էր իսլամի ոխերիմ թշնամիներ:

Գերի էին ընկել նաև Երուսաղեմի արքան և այս պատերազմի առիթը ստեղծած Ռենե դե Շատիյոնը: Իր ազնվազարմ վարքով հայտնի Սալադինը հյուրընկալ կերպով էր դիմավորել Երուսաղեմի արքային ու նրան սառը ջուր էր տվել, բայց երբ վերջինս, հագեցնելով իր ծարավը, ցանկացել էր կիսվել Շատիյոնի հետ, Սալադինը կասեցրել էր դա` ասելով. «Ստախոսին ու դավաճանին, ով չի հասկանում ու գնահատում բարությունը, ոչ մի ուտելիք և խմիչք չի հասնում իմ վրանում»: Սալադինն առաջարկել էր Շատիյոնին իսլամ ընդունել, իսկ երբ վերջինս հրաժարվել էր, Սալադինը անձամբ կտրել էր նրա ձեռքը, իսկ նրա թիկնազորը միանգամից գլխատել էր ըմբոստ ասպետին:


Հակառակ տարածված կարծրատիպի` Սալադինը Երուսաղեմը գրավել է առանց որևիցե լուրջ դիմադրության. սկզբում նա առաջարկել է հանձնվել, բայց բնակիչները մերժել են: Այդ ժամանակ Սալադինը երդվեց, որ հողին կհավասարեցնի քաղաքի պատերը, իսկ բնակչությանը սրի կքաշի: Պաշարման սկզբից քիչ անց քաղաքը երեք անգամ փորձեց սպիտակ դրոշ բարձրացնել` աղերսելով, որպեսզի ազնվազարմ սուլթանը խնայի իրենց: Ի վերջո Սալադինը ընդունեց քաղաքի հանձնումը՝ առանց ավելորդ զոհերի և ավերածությունների: Եվ սա այն դեպքում, երբ հարյուր տարի ավելի վաղ, երբ խաչակիրները ներխուժել էին քաղաք, ոչնչացրել էին ողջ մահմեդական ու հուդայական բնակչությանը և այնպիսի ահավոր սպանդ էին կազմակերպել, որ ըստ որոշ վկայությունների` Երուսաղեմի որոշ փողոցներում մինչև ծունկդ մարդկային արյան գետեր էին հոսում:

Սալադինն ու Ռիչարդ Առյուծասիրտը

Սալադինը այն եզակի պատմական կերպարներից է, որ իր մասին հիացական տպավորություններ է ստեղծել ոչ միայն յուրայինների ճամբարում, այլև իր հակառակորդների մոտ: Բացառիկ են նաև Սալադինի գրեթե ընկերական հարաբերությունները Երրորդ խաչակրաց արշավանքի առաջնորդներից մեկի՝ Անգլիայի արքա Ռիչարդ Առյուծասրտի հետ, ով հայտնի էր իր անկրկնելի խիզախությամբ և խելահեղության հասնող քաջությամբ: Սալադինը Ռիչարդին «Մեծն երեխա» էր կոչում՝ իր անձնական խիզախության ու արկածախնդրության համար, որոնք զուգակցված էին անհեռատեսությամբ ու ռազմավարությանը թույլ տիրապետմամբ: 
Հայտնի է, որ Սալադինն ու Ռիչարդը հանդիպել են միայն մեկ անգամ, բայց երկուսն էլ այն աստիճան են տպավորված եղել միմյանցով, որ մինչև վերջ ասպետական ու խիստ բարյացակամ վերաբերմունք են դրսևորել միմյանց նկատմամբ ու սրբորեն պահել են միմյանց միջև կնքված համաձայնությունները: Այսպես, Սալադինին ու Ռիչարդին իդեալականորեն բնութագրող մի պատմական դեպք կա. ճակատամարտերից մեկի ժամանակ մարտի կիզակետում մարտնչող Ռիչարդի տակ սպանում են նրա ձիուն, և իմանալով այդ մասին` Սալադինը նրան երկու ընտիր նժույգ է ուղարկում և մի ուղերձ, որում ասվում է, որ արքային հարիր չէ հետիոտն մարտնչել: 

Ինչևիցե, Ռիչարդի առաջնորդած խաչակրաց արշավանքը թեև մինչ այդ նախաձեռնվածներից ամենախոշորն էր, բայց այդպես էլ մեծ հաջողություններ չունեցավ: Սալադինի ու Ռիչարդի միջև կնքված խաղաղության պայմանագրերը ամրագրեցին Երուսաղեմը Եգիպտոսի տիրապետության ներքո, իսկ խաչակիրներին մնաց միայն նեղ առափնյա գոտին: Այսպիսով, Սալադինը հավատարիմ մնաց իր երդմանը և ի կատար ածեց այն. նա մահացու հարված հասցրեց Սուրբ հողում հիմնված խաչակիրների պետություններին, և արդեն իր մահից հետո վերջին խաչակիրները վերջնականապես քշվեցին շուրջ երկու դար տևած արյունահեղ պատերազմներից հետո:

Սալադինի մահը

Սալադինը իր կառավարման ողջ ընթացքում գրեթե անդադար պատերազմում էր մերթ խաչակիրների հետ, մերթ ներքին ապստամբների, մերթ թուրքերի, մերդ Բաղդադի խալիֆի հետ, իսկ երբեմն էլ՝ մի քանիսի հետ միանգամից: Նա գրեթե անդադար արշավների մեջ էր, որովհետև հաճախ անձամբ էր կառավարում իր զորքերը: 

Բնավ էլ չլինելով դյուցազնական առողջության ու կազմվածքի տեր մարդ` Սալադինը չէր կարող այս ամենն անհետևանք մարսեր, և խաչակիրներին ջախջախելուց կարճ ժամանակ անց նրա օրգանիզմն արդեն այնքան էր հյուծվել, որ շուտով նա հիվանդացավ տենդով և մահացավ Դամասկոսում: Այստեղ էլ նրան թաղեցին, իսկ Սալադինն իրենից հետո թողեց հիմնականում դրական հիշողություններ և դարձավ ողջ աշխարհի մահմեդականների և ոչ միայն մահմեդականների համար անկոտրումության ու ազնվության իսկական խորհրդանիշ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել