Ասում են, թե աչքերն ամեն ինչ ասում են մարդու մասին` նկարագրում նրան, պատմում այդ անձի պատմությունը, ծանոթացնում նրա հոգու առեղծվածին` առանց այն բացահայտելու։ Աչքերը գեղեցկություն են պարգևում յուրաքանչյուր դեմքի` անկախ դրանց ձևից ու գույնից։ Համամիտ եմ այս կարծիքի հետ, աչքերն իրոք գեղեցիկ են ու շատ բան են մեզ պատմում իրենց տիրոջ մասին։ Բայց միայն աչքերը չեն գեղեցիկ ու խորհրդավոր։ Իսկ ո՞ւր մնացին ձեռքերը։ Աչքերի պես գեղեցիկ ու գրավիչ մեկ էլ մարդու ձեռքերն են։
Համաձայնեք, որ իսկապես գեղեցիկ է ձեռքերի կառուցվածքը` երկար ճկուն մատներ, մի փոքր ուռուցիկ ու խոշոր եղունգներ, ոսկորները, որ երևում են մատների ներքևի մասում, ճերմակ ափ, որում իբրև թե կյանքի գծերն են, որոնք հաճախ հետաքրքիր նախշեր են ստեղծում, դաստակի ընդգծված ոսկորը, այն, թե ինչպես են լույսն ու ստվերը բաժանվում ձեռքի վրա, ինչպես են ներկայացնում այս ամբողջ գեղեցկությունը։ Հատկապես գրավիչ է, երբ տղաների ձեռքերի վրա երևում են երակները` ցույց տալով նրանց ուժը։ Պարզապես նկատել է պետք։
Իսկ որքան գեղեցիկ է ձեղքերի շարժումը, երբ նրանք անփութորեն այսկողմ-այնկողմ են անում մարդու թեթև լարվածության դեպքում, երբ թեթև դողում են հուզմունքից, երբ վստահորեն համոզում են լսել իրենց տիրոջը, որքան գեղեցիկ են այդ ձեռքերը, երբ բռնում են թեյի բաժակը, որից բարձրացող գոլորշին ու արձակվող տաքությունը ջերմորեն շոյում են մատները կամ երբ անվստահորեն ներքև են քաշում սվիտրի թևքերը` ասես թաքնվում են ինչ-որ մեկից, գեղեցիկ են պարելիս, պարզապես չքնաղ են, երբ նուրբ սահում են մարդու սիրելիի այտով, երբ գրկում են նրան, բռնում նրա ձեռքը` մատներն իրար հետ հյուսելով, երբ միամտորեն ծածկում են մարդու անկեղծ թեթև ծիծաղը, կամ այն, թե ինչպես են դրանք հպվում դաշնամուրի ստեղներին, կիթառի կամ ջութակի լարերին, հրաշք է, գրողը տանի... Նույնիսկ ծանր աշխատանք կատարելիս են ձեռքերը գեղեցիկ։
Գիտե՞ք` ձեռքերն ավելի շատ բան են պատմում մարդու մասին։ Եթե աչքերը կարող են համոզել, որ իրենց տերն այսպիսին կամ այնպիսին է, ապա ձեռքերը միանգամից մատնում են ճշմարտությունը։ Ու հաճախ այդ ճշմարտությունն այնքան գեղեցիկ է լինում։ Ձեռքերը պատմում են մարդու թաքնված վախերի, անհանգստության, թեթև լարվածության մասին, չնայած նրան, որ մարդ հաճախ փորձում է թաքցնել դրանք, իսկ դրանք իրականում այնքան հրապուրիչ են։ Մարդուն մարդ` բանական էակ է դարձնում այն, ինչ ինքը խնամքով թաքցնում է իր գիտակցության մութ անկյունում, իսկ ձեռքերն անփութորեն հրապարակում են դրանք։ Այնքան հետաքրքիր է հետևել ձեռքերի շարժումներին, երբ մարդ ոգևորված խոսում է։
Ձեռքերն ուժեղ են, շատ ուժեղ։ Հնարավոր է` ասածս անհեթեթ թվա, բայց ձեռքերը հաճախ ճակատագիր են որոշում։ Հաճախ նրանց դատավճիռը լինում է բռնությունը, որ կոտրում է մարդկանց կյանքը։ Ինչո՞ւ են նրանք հարվածում, եթե կարող են գրկել։ Ինչո՞ւ են ձեռքերը կոտրում ինչ-որ բան, եթե կարող են ստեղծել։
Մի՞թե հրաշք չէ, երբ մի քանի ամսական երեխան իր փոքրիկ թաթիկով բռնում է մեր երկար մատները` ասես ցույց տալով իր վստահությունը մեր նկատմամբ։ Հրաշք չէ՞, երբ կարոտած ձեռքերն ամուր գրկում են իրենց սիրած էակին` շոյելով նրա իրանը, մատները մազերի միջով սահեցնելով։ Մի՞թե հրաշք չէ, երբ երկու ընկեր իրար ձեռք են սեղմում, կամ երբ մտերիմ ընկերուհիները ճկույթով շղթա են ստեղծում` ի նշան հավատարմության։ հրաշք է, երբ դրանք ամուր բռնում են մեկ այլ ձեռք ու ասում` մի հեռացիր, մնա ինձ հետ։
Սիրում եմ ուսումնասիրել ձեռքերդ, առհասարակ սիրում եմ ձեռքերդ։
Կբռնե՞ս ձեռքս։