1in.am-ը գրում է.

Հայաստանում վերջին տասը տարիների ընթացքում տնային ծննդաբերությունների թվի աճ չի նկատվել: 99,4-99,5 տոկոսով ծննդաբերությունները տեղի են ունենում ստացիոնար բուժհաստատություններում, մնացած 0.5-0.6 տոկոս կանայք ուղղակի չեն հասցնում դիմել ծննդատուն, ծննդաբերում են ճանապարհին կամ տանը, հետագայում կրկին ընդունվում են ծննդատուն, և մայրն ու երեխան ստանում են բոլոր այն բժշկական միջոցառումները, որոնք պարտադիր են ստացիոնար ծննդօգնության համար: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց ԱՆ Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը: 

«Անվճար ծննդօգնության որոշումը 2008 թվականին է ընդունվել, իսկ մենք 2005 թվականից ունենք տվյալներ, որ ստացիոնար ծննդօգնության հիմնարկներում են ծննդաբերություններ լինում 99 և ավելի տոկոս դեպքերում»,- ասաց Գայանե Ավագյանը: 

Նա տեղեկացրեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բժշկին 4 այց է նախատեսում առողջ հղիների համար, մեր երկրում 6-8 այց է հաստատված: Վիճակագրության համաձայն` կանանց մոտ 78 տոկոսը հղիության ընթացքում կատարել է գոնե 4 այց բուժհաստատություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել