TRT World հետազոտական կենտրոնի աշխատակից Թուրան Գաֆարլին, հղում անելով Ադրբեջանի վիճակագրական կոմիտեին, գրեց, որ Ստեփանակերտ վերադարձող արդբեջանցիների թիվը կազմում է 12,024:
Չնայած զարմանքին և զայրույթին՝ ցավալիորեն պետք է արձանագրել, որ նշվածը նոյեմբերի 9-ին ստորագրված դավադիր հայտարարությամբ նախատեսված կարգավորումների հետևանք է։
Մասնավորապես, դավադիր հայտարարության 7-րդ կետի համաձայն՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության վերահսկողության ներքո:
Նշված կետն, ըստ էության, վերաբերում է ինչպես հայերին, այնպես էլ ադրբեջանցիներին, և, հետեւաբար, այն նախատեսում է ադրբեջանցիների իրավունքը վերադառնալու Լեռնային Ղարաբաղի տարածք, ներառյալ՝ ներկայիս Արցախի Հանրապետության կողմից վերահսկվող տարածքներ, այսինքն՝ Ստեփանակերտ, Իվանյան, Մարտակերտ, Մարտունի, Ասկերան և այլ բնակավայրեր։
Պարզ է, որ այս կարգավորումը վերաբերում է բացառապես այն ադրբեջանցիներին, ովքեր մինչև Արցախյան առաջին պատերազմը բնակվել են այդ բնակավայրերում։ Եվ երբ Թուրան Գաֆարլին հղում է կատարում Ադրբեջանի վիճակագրական կոմիտեին, դա նշանակում է, որ թվով 12,024 Ադրբեջանցիներ հաշվառված են որպես «փախստականներ Ստեփանակերտից», և ըստ Ադրբեջանի՝ իրավունք ունեն վերադառնալու Ստեփանակերտ։
Դա՝ չհաշված այն տասնյակհազարավոր այլ անձանց, ովքեր, ըստ այդ «տվյալների», բնակվել են Իվանյանում, Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում և այլ բնակավայրերում։ Իսկ այն, որ ադրբեջանցիները Լեռնային Ղարաղաբի հետ կապված տվյալների կեղծման մեծ վարպետներ են, հանրահայտ փաստ է։
Այսինքն՝ Ալիևի ռեժիմը, հնարավորինս ուռճացնելով Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներում երբևէ բնակեցված ադրբեջանցիների թիվը, փորձելու է տարբեր սոցիալական առավելություններ տրամադրելու ճանապարհով հաջորդ հինգ-տասը տարիների ընթացքում տասնյակհազարավոր ադրբեջանցիների վերաբնակեցնել այդ տարածքներում՝ ստեղծելով մի վիճակ, երբ ադրբեջանցիները թվով հավասարվեն կամ գերազանցեն հայերին։
Իսկ հետագայում, երբ քննարկվի ռուսական խաղաղապահ ուժերի մանդատի երկարաձգման հարցը, ըստ այդ սցենարի՝ Լեռնային Ղարաղաբաղում բնակվող և մեծամասնություն կազմող ադրբեջանցիները կգտնեն, որ խաղաղապահ ուժերի անհրաժեշտությունն այլևս չկա։
Վերոնկարագրյալը հիմք է տալու Ալիևին հրաժարվել խաղաղապահների հետագա մասնակցությունից։
Անկասկած, սա Արցախը վերջնական զավթելու և արցախահայության հարցը լուծելու ալիևյան սցենարներից մեկն է, որի կանխարգելման ուղղությամբ արդեն իսկ պետք է օպերատիվ աշխատանքներ իրականացնել, իհարկե, ոչ այս ապիկար եւ դավադիր իշխանության հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել