Hraparak.am-ը գրում է․

Հարցազրույց «Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Հայկ Ֆարմանյանի հետ

- Դուք Ձեր ելույթում ասացիք, որ եթե այս իշխանությունները մնան, գնալու են Հայաստանը թուրք-ադրբեջանական կապիտալին հանձնելու եւ ադրբեջանական փողերը լեգալացնելու ճանապարհով։ Ասացիք՝ կա ռեալ վտանգ, որ Հայաստանը կդառնա թուրքական վիլայեթ, եւ չի բացառված, որ պետական լեզուն լինի թուրքերենը։ Մի քիչ ծայրահեղ չե՞ն այս հայտարարությունները։

- Ցավով պետք է նշեմ, որ մեր հասարակության մի լայն զանգված տառապում է մարտնչող բթությամբ, ու շատերը չեն հասկանում պայքարի իրական իմաստը, եւ ինչ վտանգների առջեւ է կանգնած Հայաստանը։ Բոլորս գիտենք, թե ինչ խայտառակ կապիտուլյացիայի ենթարկվեց Հայաստանի Հանրապետությունը այս ապաշնորհ վարչախմբի դավաճանական գործողությունների արդյունքում, եւ այսօր այդ սահմանազատման աշխատանքներին փաստացի կառավարությունը չի մասնակցում, մատնված է անգործության, համայնքների ղեկավարները փորձում են ինքնուրույն ինչ-որ գործողություններ կատարել, որն անարդյունավետ է՝ իմ տպավորությամբ։ Եվ փաստացի այսօր վտանգված է ՀՀ սուվերենությունը, վտանգված են մեր սահմանները, եւ կան լուրջ վտանգներ՝ կապված մեր տնտեսության հետ։ Ըստ օդում կախված լուրերի՝ կա թուրք-ադրբեջանական կապիտալին հանձնելու վտանգ՝ տնտեսության հետ կապված, դա ոչ թե ենթադրություն է, այլ դեպի դրան են տանում քայլերը։ Օր-օրի մենք նոր տարածքային կորուստների ենք ականատես լինում, եւ երբ որ մնա ինչ-որ մի հատված, որը համարվի մերը, այդ «հպարտ քաղաքացիների» բարեկեցությունն ապահովելու համար կառավարությունը, վստահ եմ, գնալու է թուրք-ադրբեջանական «մեղրամսի» ճանապարհով։

- Շատերը դժգոհում են, որ շարժումը չունի ռեալ ծրագիր, անցանկալի դեմքեր են դուրս գալիս հարթակ, վստահություն չեն ներշնչում, եւ արդյունքում՝ շարքերը խտանալու փոխարեն նոսրանում են։

- Կարծում եմ՝ առողջ բանականություն ունեցող ցանկացած մարդ կգիտակցի, որ այն խնդիրները, որոնք պետք է լուծենք, այնքան ծանրակշիռ են, որ մյուս հարցերը ստորադաս են։ Սրանից վատ վիճակ մենք չենք կարող ունենալ, երբ ականատես ենք լինում, թե ինչպես է հանձնվում Սյունիքը Արցախից հետո, վտանգ կա նաեւ Տավուշի մարզը հանձնելու հետ կապված, Գեղարքունիքի մարզն է այսօր վտանգի տակ, տնտեսությունում կան առանձին ոլորտներ, որ մինչեւ 50 տոկոսի կորուստ են ունենալու։ Եվ խոսել այսօր այն մասին, որ սա աթոռակռիվ է եւ այլն․․․ Իհարկե, նորից եմ ուզում արձանագրենք, որ առողջ բանականություն ունեցող, արժանապատիվ, գիտակից, հայրենասեր մարդիկ նման մտքեր, սովորաբար, չեն արտահայտում։ Այդ անտարբերները, կոնֆորմիստները, դիվանին տանը նստած, ովքեր հետեւում են լուռ եւ առանց սրտացավության նման հարցեր են բարձրացնում, ես նրանց ընդամենը կասեմ մեկ բան․ եթե 2018-ին դուք բերել եք իշխանության  Փաշինյանին, ապա ընտրություն կատարողը դուք եք, եւ երբ գա այն պահը, երբ որոշ չափով մեր արժանապատվությունը վերականգնված կլինի, եւ կլինի ընտրություն կատարելու փուլը, գնացեք ընտրեք ում ցանկանում եք։ Այսօր խոսել այդ մասին դեռ վաղ է եւ տեղին չէ։

- Ասում են՝ ընտրել ենք, Նիկոլ Փաշինյանը մեր փրկիչն է, ով այդ փաստաթղթի ստորագրմամբ 20-25 հազար կյանք է փրկել։

- Ես դա համարում եմ հեքիաթ։ Առանձին մասնագետներ, ռազմական, քաղաքական գործիչներ անդրադարձել են այդ թեմային, թե ինչպես է հանձնվել Արցախը։ Այդ կարծիքը, որ եղել է դավաճանություն, դա իմ անձնական կարծիքն է, որովհետեւ փաստերի համադրմամբ՝ տեսնում եմ ակնհայտ, թե այսօր ինչ է կատարվում։ Ես չգիտեմ՝ կա՞ աշխարհում նման երկիր, որտեղ համաձայնեն, որ թշնամին որտեղ ուզենա, այնտեղ դրոշ տեղադրի, եւ ասեն, որ GPS-ով սահմանազատում են իրականացնում։ Դա ոչ այլ ինչ է, քան դավաճանություն։ Օր առաջ պետք է ձերբազատվենք այս իշխանություններից։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել