Qristosi ashxarh galu masin

ՅԱՆՈՒՆ ՀՕՐ ԵՒ ՈՐԴՒՈՅ ԵՒ ՀՈԳՒՈՅՆ ՍՐԲՈՅ, ԱՄԷՆ.
«Ես եկի զի զկեանս ունիցիք եւ առաւել եւս ունիցիք» «Ես եկա, որպեսզի կյանք ունենաք և առավել ևս ունենաք» (Հովհ. Ժ։10):

 Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, Հովհաննու Ավետարանի սույն տողերը մեր մտքի ու տրամաբանության սլաքն ուղղում են դեպի համայն մարդկության Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անձը։
Ո՞վ էր Քրիստոս և ինչի համար աշխարհ եկավ…
Քրիստոս եկավ, նախ, որպեսզի մարդը վերագտնի իր աստվածաստեղծ և աստվածանման բնությունը և աստվածապարգև իր առաքելությունը, որպեսզի մարդու մեջ վերստին ծնվի Աստված և աստվածայինը դարձնի մարդկայինի տիպարն ու ուղեցույցը։ Քրիստոսի մարդեղությունը ճշմարտության թանձրացումն էր և իրականացումը կյանքի մեջ։
Աստվածորդու մարդեղությունը, այսինքն՝ Իր որպես Աստված մարդկային կյանքի մեջ գոյութենապես հայտնվելը, աստվածհայտնությունը, հանդիպումն է Աստծո և մարդու։ Իր կյանքն աշխարհի վրա՝ միախառնումն է աստվածայինի և մարդկայինի։
Քրիստոս աշխարհ եկավ մեղավորներին ապաշխարության բերելու. «Ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղավորներին» (Մտթ. 9 ։ 13), նաև «Մարդու Որդին եկավ փնտրելու և փրկելու կորածին» (Ղուկ. 19 ։ 10)։ Հովհաննես Ավետարանչի վկայությամբ. «Աստծո Որդին հայտնվեց, որ քանդի սատանայի գործը» (Ա Հովհ. 3 ։ 8)։ Քրիստոսի աշխարհ գալով ամբողջացավ օրենք ու մարգարեությունները. «Մի կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա ջնջելու, այլ՝ լրացնելու» (Մտթ. 5 ։ 17)։
Քրիստոս աշխարհ բերեց հավիտենական ճշմարտությունը։ Շատ իմաստուն մարդիկ, շատ ավելի գեղեցիկ բաներ ասել են ճշմարտության մասին, բայց Քրիստոս՝ Աստծո Որդին, միայն չխոսեց ճշմարտության մասին՝ այն թղթի վրա արձանագրելով կամ օդի ալիքներին հաձնելով, այլ եղավ ճշմարտությունը. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը» (Հովհ. ԺԴ ։ 6)՝ իր կյանքի դրվագների միջից մարդկությանը ճշմարտության կենդանի պատկերը տալով։
Այս ամենից զատ Քրիստոս աշխարհ գալով և ապրելով մարդկանց մեջ, ճշմարիտ կենսաձև տվեց, որը մեզ համար մի նոր կյանք եղավ. «Ես եկա, որպեսզի կյանք ունենաք և առավել ևս ունենաք» (Հով. Ժ ։10)։
Այդ աստվածատուր կյանքը դարձավ ստեղծագործության խանգարված վիճակի մեջ կարգ ու ներդաշնակություն ստեղծող ուժը։
Քրիստոսավանդ սույն կենսաոճը երկնքից իջավ ու երաժտի վերածված մարդու մեջ վերստին ցանեց աստվածության ցողը և վերանորոգեց մարդու կյանքը՝ այն դարձյալ Աստծո հետ հաղորդության բերելով և առաջնորդելով դեպի երջանկություն։
Աստվածուսույց ճշմարտության այս խորհուրդը խորասույզ խորհրդագործեց հայի կյանքը բոլոր դարերում։ Դեպի հավատք և ստեղծագործություն լարված և սլաքված այդ կյանքը մեզ սովորեցրեց քարից ու հողից տաճար ու վանք կերտել, բերդ ու քաղաք շինել, կաշվից՝ մագաղաթ սարքել, մագաղաթը, Օշականում հավերժահանգիստ գտած Ս. Մեսրոպին հայտնած Իր իսկ գրով, խորհրդագործել՝ գրքի ու մանրանկարի վերածելով, թշնամու դեմ՝ արիանալ ու «մահ իմացեալ՝ անմահութիւն՚ նշանաբանով Ավարայրից մինչև Սարդարապատ սխրալի դրվագներ արձանագրել, քանդողին կառուցելով պատասխանել, սրով նվաճողին՝ հոգեկան մեծությամբ ու կյանքի հավերժությամբ նվաճել և այսպես տոկալ՝ միշտ հուսալով, հուսալ՝ ստեղծագործելով, մինչդեռ ուրիշներն անհետացան… նվաճելով։
Արարչից հեռացած, իր աստվածատիպ պատկերին անհավատարիմ մարդը Քրիստոսի ցույց տված կյանքի ձևով վերադարձավ Աստծուն, վերազգեստավորվեց իր աստվածադրոշմ բնության նկարագրով։ Մարդը հաճախ փորձության է ենթարկվում այդ նկարագրի աղարտման մշտական սպառնական վտանգով։ Եղել են ժամանակներ, երբ ներքին ազդակներն ու արտաքին ազդեցությունները մեր ժողովրդի վրա այնպես են ներգործել, որ նա շեղվել է Քրիստոսավանդ կյանքի ճիշտ ձևից և դատապարտված է եղել պատմությանը քննություն հանձնել ապրելու իրավունք ստանալու համար։
Հիրավի, սիրելիներ, պատմության այն ընթացքում, երբ մեր ազգը կորցրեց իրեն ժառանգություն թողնված Աստվածորդու կենսաձևը, միանշանակ կարող ենք ասել, որ սայթաքեց…
Ամեն անգամ, երբ մեր ժողովուրդն ամուր չպահեց, նույնիսկ ավելին, երբ չապրեց աստվածուսույց կյանքով, թշնամիները բազեների նման հավաքվեցին մեր ազգի վրա և հայոց լեռները, որպես գերեզմանաքարեր ուզեցին դնել մեր պատմության վրա։
Իսկ, այն ժամանակ, երբ մեր ժողովուրդն աստվածավանդ կյանքի տիպարով ու նկարագրով առլեցուն ժամանակներ ունեցավ, այդ գերեզմանաքարերը վերածեց խաչքարերի, Քրիստոսի խաչի հաղթանակած գաղափարով և հարության ավետիսը միշտ պայծառ պահելով մեր հայրենի աշխարհի վրա և ազգային գոյության հյուսվածքի մեջ։
Եվ մանավանդ այսօր, ներկա ժամանակներում, երբ նյութական պայմանների առատության և կյանքի բարգավաճ դրությունների ստեղծումի ու նրանցից առաջ եկող մակերեսայնական և վաղանցուկ հաճույքների առատության հետևանքով մարդն ավելի հեշտ և արագ կերպով սայթաքումների գնալու հնարավորությունների մեջ է գտնվում, Քրիստոսի թողած կյանքն առավել ևս այժմեականություն և կենսականություն է ստանում, քանի որ Քրիստոսի կյանքի և արաքների լուսագիր պատմությունը սահմանադրությունն է մարդու կյանքի երջանկության։
Առանց կյանքի ճշմարիտ հասկացողության և հարազատ ու հավատրիմ ապրումի, մարդն ուրիշ արարված էակներից տարբեր և վեր կանգնած էակ չի կարող լինել։ Երբ Աստծո պարգևած լույս-կյանքը բացակայի մեր մեջից, խավարին մատնված կույր գոյության կվերածվի մեր կյանքը։
Սիրելի հավատացյալներ, պետք չէ տարվել աշխարհի խաբուսիկ հրապույրներով ու մոլորեցուցիչ շարժումներով։ Ծովի ալիքների պես նրանք բարձրանում են, հաճախ փրփրում և ապա փրփուրի պես էլ անհետանում։
Աշխարհայնապաշտ դարձող ներկա մթնոլորտի մեջ, աշխարհից վեր մնալու, աշխարհայինից չնվաճվելու և նրա հրամայականի ներքո չմնալու համար, անհրաժեշտ է, որ տիրատուր կյանքի ձևը ամուր և անխախտ մնա մեր հասկացողության և կյանքի ոճի մեջ, որպեսզի հավետ հիշենք և երբեք չմոռանանք կյանք պարգևող աստվածախոս սույն տողերը. «Ես եկի զի զկեանս ունիցիք եւ առաւել եւս ունիցիք», «Ես եկա, որպեսզի կյանք ունենաք և առավել ևս ունենաք» (Հովհ. Ժ։10):
Շնորհք, սէր եւ խաղաղութիւն, եղիցին ընդ ձեզ եւ ընդ ամենեսեանս. ամէն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել