«Իրատես» թերթը գրում է. «Օրերս անվտանգության խորհրդի քարտուղարի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների՝ Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպման մասին խորհրդարանի մեծամասնության մի մասը տեղյակ չէր: Պատգամավորներից ոմանք լրագրողներից էին հետաքրքրվում, թե «ի՞նչ հանդիպում է ներսում»: Գրիգորյանի հետ իմքայլականները բավական կարճ շփվեցին. երկրի անվտանգության պատասխանատուին հարցեր, երեւի թե, չունեին: «Իրատեսը» տեղեկացավ, որ ԱԽ քարտուղարի հետ հանդիպման ժամանակ հիմնական երկու մտահոգություն-դիտարկում է հնչել:
Առաջինը՝ ինչու՞ Գրիգորյանը հրաժարական չի տալիս, երկրորդ՝ իսկ ինչու՞ հրաժարական տա: «Անվտանգության հետ կապված հարցեր գրեթե չեն քննարկվել: Նա մեկ բանի համար էր հրավիրվել՝ պատասխանելու, թե երբ է պատրաստվում հրաժեշտ տալ պաշտոնին: Գրիգորյանը, սակայն, շատ հստակ ընդգծեց՝ գնալ չի պատրաստվում»,- ասաց պատգամավորներից մեկն ու հավելեց՝ հանդիպման ժամանակ Գրիգորյանի մորեղբոր՝ Արցախի հերոս Մովսես Հակոբյանի ու նրա աղմկահարույց հայտարարությունների մասին որեւէ խոսակցություն չի եղել:
Թե նմանատիպ հանդիպումներով ինչ խնդիր են լուծում իմքայլականները, դժվար չէ ենթադրել: Հրաժարականի մասին հարցադրումներով նրանք պատասխանատվությունն ուղղակիորեն գցում են Նիկոլ Փաշինյանի վրայից: Քաղաքական առաջնորդից պատգամավորները երեւի հրահանգ են ստացել՝ հնարավորինս շատ հանդիպումներ կազմակերպել ու բոլորին հարցնել՝ հրաժարական տալ չե՞ս ուզում:
Ենթադրենք՝ Արմեն Գրիգորյանը հրաժարական տվեց, ի՞նչ է փոխվելու դրանից: Ո՞վ է գալու նրա փոխարեն, կամ դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ընդունելու՞ է, որ կատարվածի թիվ մեկ մեղավորն ինքն է, ու առաջին հրաժարական տվողն ինքը պետք է լինի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում