Աշխարհում մոտ 40 միլիոն քուրդ կա։ Նրանց գերակշիռ մասը` 15-20 միլիոնը, ապրում է Թուրքիայում։ 20-րդ դարից սկսած՝ էս ժողովուրդը պայքարում է մի բանի համար՝ պետություն ունենալու։ Երևի այսօր աշխարհում չկա մի քուրդ, որի ընտանիքից մարդ զոհված չլինի պետականություն ունենալու համար մղված կռիվներում։ Կարելի է ասել, որ քրդերի երեխաները ծնվում են զենքը ձեռքներին։

1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց հռչակագիր Հայաստանի անկախության մասին, որի համաձայն՝ Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն։ Վերջ։ 3 միլիոն հայերը պետություն, դրոշ, զինանշան ու օրհներգ ունեցան առանց այդ անկախությունն ունենալու համար արյուն թափելու։ Արյուն թափվեց Արցախ պետություն ունենալու համար, բայց Հայաստանի անկախությունը մեր գլխին ուղղակի ընկավ։ 1918-ին մենք անկախությունը վաստակել էինք, 1990-ին՝ ոչ։

Ու ես հենց սա եմ համարում այն հիմնական պատճառներից մեկը, որ այսօր այսքան չենք գնահատում մեր պետականությունը, որ այսքան թքած ունենք մեր երկրի սահմանների վրա։ Դե, որովհետև մենք ազգովի կենաց-մահու կռիվ չենք տվել այդ սահմանն ազատագրելու համար։ Ընդամենը հռչակագիր ենք ընդունել և վերջ։
Ու մինչև թուրքը չգա, հասնի անտարբեր հայերի դռան դեմը, նրանք չեն գիտակցի իրական վտանգի չափը։
Նկարում 19-ամյա քրդուհի Էյշա Ռամազան Անտարն է։ Նա զոհվեց 2016 թ.-ին՝ թուրք-սիրիական ահաբեկիչների դեմ պատերազմում։ Զոհվեց իր ժողովրդին պետություն պարգևելու համար, որն այդպես էլ երազանք մնաց քուրդ ժողովրդի համար։

3 միլիոն հայ առանց խղճի խայթի մսխում է իր պետականությունն այն ժամանակ, երբ 40 միլիոն քուրդ՝ կանանցով ու երեխաներով, ամեն օր պարտիզանական պատերազմ է մղում ՄԱԿ-ի շենքի դիմաց իր երկրի դրոշը կախված տեսնելու համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել