Hartak.am-ը գրում է.
Հոգեբան Ռուբեն Պողոսյանի կարծիքով, երեխայի խնդիրներից շատ բան կախված է հղիության շրջանից։ Ըստ նրա` երեխայի ծնունդը պայմանավորված է երեք ցանկությամբ, որը բջջի մեջ կա. դա հոր, մոր և երեխայի ցանկությունն է, եթե մեկը պակասում է, երեխան ախտահարված կարող է ծնվել:
Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հոգեբանը մասնավորապես ընդգծեց, որ բռնաբարությունից ծնված երեխաներից մեծ մասի մոտ հետագայում նկատվում է խելագարության հակում։
Հոգեբանի դիտարմամբ` մայրերը հղիության ընթացքում պարտադիր պետք է խոսեն երեխայի հետ, սակայն բժիշկի ընդգծեց նաև, որ երեխայի գոյության մեջ առաջին իսկ պայմանը կառուցվում է խոսքի և ցանկության մեջ. «Եթե չլինի սերը, երեխան կա՛մ չի ծնվի, կա՛մ արատավոր կծնվի»,- նշեց հոգեբանը:
Ռուբեն Պողոսյանը ապագա մայրերին խորհուրդ է տալիս լինեն մաքսիմալ հանգիստ պայմաններում, դրականորեն տրամադրված շրջապատին և մթնոլորտին։ Նա նաև կարևորեց աշխատասիրությունը, ապահով զգալու կարողությունը՝ անկախ նրանից՝ ինչ մթնոլորտ կա, որը պետք է ապահովի նախ ամուսինը: Իսկ եթե առանձին ապրելու հարց կա, ապա առանձնանան։ Սակայն միշտ հարկավոր է, որ հղի կնոջ կողքին լինի որևէ մեկը՝ միայնակ չզգալու համար:
Ասուլիսի մեկ այլ բանախոս գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանը ավելացրեց, որ իրենք հղիներին խորհուրդ են տալիս մաքսիմալ ապահովել հանգիստ մթնոլորտ, լսել դասական երաժշտություն, խոսել երեխայի հետ, և լավ բաներից խոսել, քանի որ նրանք ամեն ինչ զգում են, որը ապացուցված է: