Այսօր երկաթուղայինների օրն է. հարց` ինչու՞ «Հայկական երկաթուղին» դարձավ Հարավ Կովկասյան երկաթուղի:
Այսօր օգոստոսի 4 է, հիանալի մասնագիտական տոն , երկաթուղայինների տոնը: Մոտ տաս տարի աշխատելով այս համակարգում, ես հասկացա, թե ինչ բարդ է երկաթուղայինի մասնագիտությունը: Այս մասնագիտությունը դա մի ունիվերսալ մասնագիտություն է, քանզի լավ երկաթուղայինը դա և´ ինժիներ է, և´ ենթակառուցվածքների մասնագետ, և´ բարդ կոմունիկացիոն կառուցվածքների մասնագետ : Մեր երկիրը հայտնի է իր տաղանդաշատ երկաթուղայիններով, միայն Ղանդիլյանի անունը բավական է, որ վկայի այդ մասին: Հայաստանի երկաթուղայինները միշտ հպարտությամբ էին ասում, որ իրենք աշխատում են «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ում, բայց արի ու տես 2008 թ.-ից սկսած նրանք սկսեցին կոչվել Հարավ Կովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի աշխատակիցներ:
Հիշեցում`«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
Երբ «Հայկական երկաթուղին» կոնցեսիոն պայմանագրով հանձնվեց ՀԿԵ-ին, ես հանգամանքների բերումով դուրս եկա այդ համակարգից, սակայն մինչ այսօր ինձ մոտ մի քանի ծագած հարցեր և մտքեր կան, որոնց պատասխանը ես այդպես էլ չեմ կարող գտնել: Եվ այսպես`
1.Ինչո՞ւ առաջացավ կոնցեսիոն կառավարման անհրաժեշտությունը, չէ՞ որ, եթե մենք հետ գնանք և նայենք 2000-2008 թթ.-երի հաշվետվությունները, մենք կտեսնենք, որ այնտեղ հստակ երևում է, թե ինչպիսի դինամիկ աճ է ապրում ՀԵ-ն:
2.Մի պահ համարենք, որ աճը համեմատական կատեգորիա է, և աճի տեմպերը ձեռք չէին տալիս մեզ, այդ դեպքում անհասկանալի է դառնում, թե ինչու ամբողջ աշխարհում եկամտաբեր համարվող այս ծառայությունը մեր մոտ էֆեկտիվ չէր աշխատում:
3.Եթե հարցը կայանում է նրանում, որ մեզ պետք էր ներդրումներ կատարել, ապա ինչո՞ւ ռիսկային ծրագրերի համար համաշխարհային տարբեր բանկերից գումար է հայթայթվում, իսկ ստրատեգիկ նշանակության այս ոլորտի համար գումար չգտնվեց:
4.Երբ ասում են, որ հիմա մեծացել են փոխադրումների ծավալները, գնացքների արագությունը, բարելավվել է անվտանգության մակարդակը, ես չեմ հակադրվում, քանզի դա իրականում այդպես է, բայց հաշվի առնելով այդ մեծացման չափերը, գալիս եմ այն եզրակացության, որ այո տարբերություն կա , բայց այդ տարբերությունը այդքան վիթխարի չէ, դրան մենք հանգիստ կարող էինք հասնել սեփական ուժերով:
5.Ի՞նչ է լինելու, երբ կոնցեսիոն պայմանագրի 30 տարին անցնի, դրան էլ գումարած անցնի նաև փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման ժամկետը , արդյոք նորից ենք հանձնելու մեր երկաթուղին, թե՞ այս անգամ վերջապես հասկանալու ենք, որ կան ծառայություններ, որոնք թեկուզ մեծ դժվարությամբ, բայց մենք ինքներս պետք է աշխատացնենք:
Ճիշտն ասած, երբ լսում եմ, որ այս կամ այն ձեռնարկությունը ռուսական կողմի տնօրինության տակ է, ես դրան այդքան ուշադրություն չեմ դարձնում, քանզի անձամբ ինձ համար կարևորը նա չէ, թե դա ում ձեռքում է՝ ռուսների թե՞ հնդիկների, կամ պարսիկների, կարևորն այն է, որ այսպիսի կարևոր ոլորտները լինեն մերը: Որպեսզի մեր ապագա սերնդի երկաթուղայինը հպարտությամբ ասի՝ ես աշխատում եմ Հայակական Երկաթուղում:
Հ.Գ. Միայն ժամանակն է ի զորու պատասխան տալու, թե ինչու ենք մենք այդպես հեշտ հանձնում մեր ոլորտային կառույցները այլ ազգերի կառավարմանը, և նորից կասեմ ՝ կապ չունի, թե որ կողմին ենք այն հանձնում:
Կարեն Թումանյան