Hraparak.am-ը գրում է․

Այս օրերին մեկը մյուսի ետեւից ոստիկաններ են ազատվում աշխատանքից  եւ այդ մասին բարձրաձայնում են՝ նշելով, որ չեն պատրաստվում կատարել իշխանությունների ապօրինի հրահանգները, դուրս գալ ժողովրդի դեմ, եւ կոչ են անում իրենց գործընկերներին՝ նույնպես հրաժարվել ծառայելուց։ Այս եւ ոստիկանության շուրջ ծավալվող այլ իրադարձությունների մասին զրուցել ենք Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ։

Հիշեցնենք․ նա ոստիկանապետ է նշանակվել 2008-ի մարտյան իրադարձություններից հետո։ Նրա մեղադրանքում խոսք կա բարձրաստիճան ոստիկանների խորհրդակցության մասին, որտեղ ցուցումներ են տրվել մարտյան իրադարձությունների ժամանակ տեղի ունեցածը պարտակելու եւ թաքցնելու վերաբերյալ։ Մեղադրանքում ասվում է, որ այդ ամենի նպատակն է եղել՝ թաքցնել նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները եւ հանցագործության հետքերը: Դրանք են՝ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում ծավալված իրադարձությունների ժամանակ ոստիկանության իրականացրած անօրինական գործողությունները եւ Հայաստանի զինված ուժերի հակասահմանադրական օգտագործումը։

- Պարոն Սարգսյան, այս օրերին ոստիկաններին մեղադրում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական նկրտումներն իրականացնելու մեջ։ Երկար տարիներ եղել եք ոստիկանապետ, բոլոր իշխանությունների ժամանակ էլ կարծես այդ խնդրին բախվել ենք, երբ ոստիկանները կատարել են օրվա իշխանության իջեցրած հրահանգները։ Ինչո՞վ է տարբերվում այսօրվա իրավիճակը, ի՞նչ կհորդորեք Ձեր գործընկերներին։

- Կներեք, բայց այս պահին ես ո՛չ ուզում եմ հորդորել, ո՛չ էլ դիտարկումներ անել, զոմբիների ու թափթփուկների հետ ես ներվ չունեմ։

- Մարդիկ այս օրերին ուրիշ բաներից են վախենում, Դուք զոմբիների՞ց։

- Հիմա, այս օրերին ես մի բան ասեմ՝ օդից որսալու են, հարձակվեն վրես, ֆաս են տալու վրես, այն դեպքում, երբ ես ոչ մի բանի չեմ խառնվում։ Խոսեմ, որ ի՞նչ, անունն ի՞նչ դնեմ։

- Չենք ասում՝ քաղաքական գնահատականներ տվեք, ասում ենք՝ որպես նախկին ոստիկանապետ, ընդամենը վերլուծեք ներկա եւ նախկին իրավիճակները, ասեք, թե ինչով են դրանք տարբերվում կամ գուցե չեն տարբերվում, եւ ոստիկաններն էլ ինչ պիտի անեն։

- Այսօր չկա մի բան, որ իմ սրտով է, իսկ վարկաբեկելու կամ գովեստի խոսքեր ասելու համար հերիք ա, չեմ խոսի, հիմա բոլորը դրանով են զբաղված։ Զոմբիների խումբն այնքան է իմ վրա ազդում, որ, իրոք, չեմ ուզում խոսել։

- Ո՞ր զոմբիներից եք այդքան վախենում։

- Եթե Դուք նկատի ունեք, որ լավ զոմբիներ էլ կան, նկատի ունեցեք, ի՞նչ ասեմ։

- Հիմա, օրինակ, զոմբի են ասում Նիկոլ Փաշինյանին արդարացնողներին ու պաշտպանողներին, ֆեյսբուքյան քոմենթչիներին, որի՞ց եք վախենում՝ իրակա՞ն, թե՞ վիրտուալ։

- Ֆեյսբուքը որ նայում ես, զոմբիների հոտը հազարավոր կիլոմետրերից գալիս է։

- Դուք ոստիկանապետին ու ոստիկաններին ասեք Ձեր խոսքը, հիմա Ձեզ էլ են մեղադրում քաղաքական գործընթացներին մասնակցելու կամ առնվազն քաղաքական ղեկավարության ապօրինի որոշումները թողարկելու մեջ։

- Գիտեք, ժողովրդական խոսք կա՝ «Չոր կեղտը մարդու փեշին չի կպնում»․ թե ինչ են ասում իմ մասին, թքած ունեմ՝ ով ինչ է ասում։ Իսկ ընդհանրապես, ոչ մեկը չի սիրում, որ ոստիկանությունը ճամփի կեսից հետ է դառնում, իր հայացքներն է ուզում առաջ գցի, համարում են դա դավաճանություն։ Սա ուղղակի աբսուրդ է։ Իհարկե, մարդ պետք է իր սեփական կարծիքն ունենա տվյալ երեւույթի եւ իրողության մասին ու պիտի կարողանա կողմնորոշվել՝ որի մեջ կա հայրենասիրություն, որտեղ պիտի ծառայեն, որտեղ չծառայեն։ Ես ցավում եմ, որ ոչ բոլորի մոտ կա այդ գիտակցումը։ Ամեն դեպքում, բոլոր ղեկավարներն էլ սիրում են, որ ոստիկանություն կոչվածը հլու-հնազանդ ծառայի մինչեւ վերջ, իրենք էլ ծառայում են, ի՞նչ ասեմ։

- Իրենք ասում են, որ ծառայում են պետությանը։

- Մի բան երբ ուզում ես արդարացնել, ինչ ուզես, կարող ես ասել, հետո՞։ Կներեք, բայց իսկապես ցանկություն չունեմ խոսել այս իրավիճակի մասին, չկա մի բան, որ իմ սրտով է, սրանից ավել չեմ ուզում։

- Դուք է՞լ եք կարծում, որ այս իշխանությունը պիտի գնա։

- Որ ասեմ՝ չէ, պիտի մնա, իմ կարծիքով՝ ճիշտ բան չեք մտածի իմ մասին։ Ինչի՞ մասին է խոսքը։

- Դե, գուցե անտարբեր եք այս ամենին։

-  Ես անտարբեր չեմ եղել, պատերազմի օրերին անգամ հիվանդանոցից ինչով կարողացել, օգնել եմ։ Բայց չեմ ուզում խոսել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել