1in.am-ը գրում է.
SIM-քարտերի և բջջային հեռախոսների IMEI-նույնականացումը հաճախակի փոփոխելն օգնում է հանցագործներին ստվերում մնալ: Սակայն Գերմանիայի գիտնականներին հաջողվել է դրա դեմ պայքարելու միջոց գտնել: Նրանք պարզել են, որ յուրաքանչյուր սարքավորում յուրահատուկ «թվային մատնահետքեր» ունի, որի օգնությամբ կիբեռհանցագործին գտնելը հնարավոր է դառնում:
Դրեզդենի տեխնիկական համալսարանի աշխատակիցներ Յակոբ Հասսեն և նրա կոլեգաները պնդում են, որ յուրաքանչյուր հեռախոսի թողած հատուկ «հետքը» պայմանավորված է դրա բաղկացուցիչ մասերի որակով։: Յուրաքանչյուր սարքավորման միջուկը ռադիոէլեկտրոնիկա է պարունակում, ինչպիսիք են հզորության ուժեղացուցիչները, գեներատորները և խառնիչները, որոնք խանգարում են վերջնական ազդանշանին: Այդպիսի ցուցանիշներից միայն մեկը կարող է փոփոխվել՝ 0,1-20 %–ով, նշել է Հասսեն:
Անալոգային ազդանշանները թվայինի փոխակերպվելուց հետո, երբ տեղական ալեհավաքը ընդունում է ազդանշանը, այդ «հետքերը» յուրաքանչյուր սարքավորման համար յուրահատուկ են դառնում, եթե նույնիսկ խոսքը միանման մոդելների մասին է: Իրենց տեխնոլոգիան լաբորատորիայում 13 գաջեթների վրա փորձարկելով՝ գիտնականները կարողացել են աղբյուրը որոշել մինչև 97,6 % ճշգրտությամբ:
«Մեր մեթոդը բջջային հեռախոսների վրա ոչինչ չի ուղարկում: Այն պասիվ է աշխատում՝ «լսելով» ազդանշանի փոխանցումը, այդ պատճառով էլ չի կարող հայտնաբերվել»,- ասում է Հասսեն: ԵՄ-ի և Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորված ուսումնասիրությունն իրականացվել է 2G-մոդուլանոց հեռախոսների վրա: Հասսեն, սակայն, կարծում է, որ այդ տեխնոլոգիան կիրառելի է նաև 3G/4G-սմարթֆոնների վրա, քանի որ ազդանշանի խափանումներ կան ցանկացած ռադիոսարքավորման մեջ:
