Սոթք-Քարվաճառ ճանապարհի այս հատվածում մեքենայի ընթացքը հետզհետե դանդաղում է, իսկ մոտակա կանգառում արդեն մեր մարտական դիրքերն են՝ նոր մարտական դիրքերը: Դեռ սահմանագծման աշխատանքներն ընթացքի մեջ են, թե ո՞ր բարձունքները կմնան մեր հսկողության ներքո, և որո՞նք կզբաղեցնի ադրբեջանական կողմը, դեռևս պարզ չէ, այնուամենայնիվ, մեր բանակի առաջապահ ստորաբաժանումներն արդեն մի քանի օր այս հատվածում մարտական հերթապահություն են իրականացնում:

Մենք մասնակցել ենք մարտական բոլոր գործողություններին: Այսօր խնդիրները փոխվել են: Մեր առջև դրված խնդիրներից մեկն էլ լավ պատրաստվելն է, ավելի ուժեղանալն ու հզորանալն է: Հենց հիմա, այս պահին, անձնակազմը ներգրավված է մարտական պատրաստության գործընթացում, առաջնագծում էլ իրականացվում են մարտական հենակետերի ամրապնդման աշխատանքներ,- ասաց զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սամվել Հարոյանը:

Նոր զբաղեցրած բնագծերում ակտիվ ինժեներական աշխատանքներ են ընթանում, նոր դիրքեր, նոր խրամատներ, ամեն ինչ նորից ու նոր շնչառությամբ…

Մեր ժամկետայիններն են, 45 օր Օմարի բարձունքն անառիկ են պահել: Տղաներն իրենց տեսածից, զգացածից են պատմում, վստահեցնում են՝ հակառակորդի հարձակման առաջին իսկ փորձերն անհաջողությամբ են պսակվել, ջարդել են մինչև վերջին թշնամին, մի քանի անհաջող փորձից հետո այլևս չեն համարձակվել մոտենալ:

-Անձնակազմը զբաղեցրել էր երկրորդ բնագիծը: Թողեցինք, որ թշնամին մտնի մարտական հենակետ, և արդեն հետ քաշված անձնակազմի ուժերով և գումարտակի հրետանու աջակցությամբ 40-ից 50 րոպեի ընթացքում դիրքը հետ վերցրինք,- տպավորիչ ու հաղթական մարտի մասին պատմում է գումարտակի հրամանատար Հայկ Անտանոսյանը:

Մեր տրամադրությանը միշտ էլ մարտական է եղել: Այդ օրը լավ տակտիկա բանեցրինք ու գլխովին ջախջախեցինք թշնամուն,- հրամանատարի խոսքն է շարունակում շարքային Կարապետ Վարդանյանը:

-Ճիշտ է՝ չէինք ուզում դիրքը թողնել, բայց, ինչ արած… Այստեղ էլ կկառուցենք ու այստեղից մարտական հերթապահություն կիրականացնենք,- մարտական ընկերոջն է լրացնում այդ օրվա մյուս հերոսը՝ շարքային Արեգ Համազասպյանը:

Պատերազմի առաջին իսկ օրերին համացանցում հենց այս տղաների սխրանքների մասին մի քանի պատում տարածվեց: Իրական պատմությունների իրական հերոսներն անկեղծանում են` Օմարն իրենց է պահել, իրենք` Օմարը: Ասում են` Օմարն ուղղակի սար չէ, Օմարի հետ հաղորդակցվել պիտի կարողանաս, եթե հասկացար նրան, ուրեմն՝ արդեն հաղթել ես, իսկ դա թուրքին երբեք չի հաջողվելու, նրանք կհասնեն Օմարին, բայց Օմարն իրենց անհաս կմնա…

Մեր ժամկետայինների հնարամտության և սպայակազմի արագ արձագանքման ու կողմնորոշման շնորհիվ հաջողվել էր հակառակորդին շրջափակման մեջ առնել ու գլխովին ոչնչացնել:

-Հատուկ ուզում եմ նշել մեր հրամանատարության գրագետ գործողությունները: Հենց նրանց բանեցրած գրագետ տակտիկայի ու մարտը կազմակերպելու բանիմացության շնորհիվ է նաև, որ ոսոխը այլևս չփորձեց մոտենալ մեր դիրքերին,- ասաց շարքային Գևորգ Ծատուրյանը:

…Դեռ շատ կպատմեն մեր զինվորի ու սպայի մասին, բայց շատ ու շատ պատառիկներ հավերժ կմնան զինվորի ու սպայի հոգում, քանզի պատերազմի հուշերը երբեմն այնքա՜ն զգայուն են…

Պատերազմը փոխեց ամեն ինչ, պատերազմը ցավեցրեց, շատ ցավեցրեց, բայց պատերազմը սովորեցրեց նաև, պատերազմը սովորեցրեց, թե ինչպես է պետք ապրել, պատերազմը սովորեցրեց, որ պետք է լինել այնքան ուժեղ, որ թշնամին երբևէ չհանդգնի հարձակվել:

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել