Սպանիր ինձ սիրելիս,
Ինչպես պոկում են վարդը արմատից,
Ես խոստանում եմ՝ չեմ լինի փշոտ,
Կբուրեմ մեկ օր, հետո կթոշնեմ հավետ քո կյանքից:
Սպանիր ինձ սիրելիս,
Ինչպես մարում են մոմը միայնակ,
Ես խոստանում եմ՝ սիրտդ չեմ այրի,
Կծխամ, կանցնեմ ու օդ կդառնամ:
Սպանիր ինձ այնպես,
Ինչպես խավարում լույսն են սքողում,
Ես խոստանում եմ լույսից կարմրել,
Եվ այրվել ինչպես արևն է այրվում:
Սպանիր ինձ սիրելիս,
Ես լուռ կգոռամ,
Ինչպես գոռում են մեռնելիս միայն:
Սպանիր ինձ այնպես,
Ինչպես թատրոնն է մարդ դարձնում մարդուն,
Ես խոստանում եմ ծափեր չափսոսալ:
Սպանիր ինձ այնպես,
Ինչպես ինքդ քեզ չես սպանում երբեք:
Ես կխոստանամ մեկ օր քեզ սպանել,
Ինչպես աղմուկն է նոտան սպանում,
Եվ ինչպես լույսն է խավարին տիրում:

Սպանիր ինձ սիրելիս, սպանիր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել