«Իրատես» թերթը գրում է. «Վաղը՝ դեկտեմբերի 9-ին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թեհրան է մեկնելու: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նա հանդիպելու է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ։ Թեև այցի օրակարգը հստակ չէ, բայց ենթադրել կարելի է, որ հաղթանակ տանելուց հետո Ադրբեջանի արտգործնախարարն Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Ադրբեջան-Իրան նոր՝ ավելի երկար սահմանների մասին է քննարկումներ ունենալու:
Մինչ Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայում, որ իր կողմը քաշի մեր բարեկամ երկրին՝ Իրանին, Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարարը շտապում է տեղեկացնել՝ Արտաքին գործերի նախարարությունը ապաքաղաքական կառույց է, իսկ պատերազմում դիվանագիտությունը չի պարտվել: Նա, ըստ երևույթին, ուզում է հասկացնել՝ ինձ վրա հույս չդնեք, ես քաղաքականությամբ չեմ զբաղվելու:
«Իրատեսին» հայտնի դարձավ, որ Արգենտինիայում, ՈՒրուգվայում, Չիլիում, Կուբայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում ու մի շարք այլ երկրներում դեսպան եղած նախարարին իշխանությունները հորդորել են առժամանակ լուռ մնալ՝ նոր «կիքսեր» թույլ չտալու համար: Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետն ավարտած Արա Այվազյանի մասնագիտական հմտությունների մասին եզրահանգումներ կարելի է անել՝ համադրելով, թեկուզ, այն հանգամանքը, որ արևելագետը Արևելքի երկրներից որևէ մեկում դեսպան կամ հյուպատոս չի նշանակվել:
«Եթե այդքան լավ մասնագետ է, ապա ի՞նչ էր անում լատինաամերիկյան երկրներում: ՈՒզում եմ հիշեցնել, որ տարիներ առաջ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատակազմն Այվազյանին գործուղել էր Լատինական Ամերիկայի երկրներից մեկը՝ վարչապետի պաշտոնական այցը կազմակերպելու համար: Այվազյանը գլուխ չէր հանել, տապալել էր ամբողջությամբ, ու հիմա այդ մարդուն մի ամբողջ գերատեսչություն է վստահվել,- նշեց մեր զրուցակիցը,- Այվազյանի նշանակումը պայմանավորված է զուտ այն հանգամանքով, որ նա, ի տարբերություն այլ դիվանագետների, համաձայնել է աշխատելու Փաշինյանի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում