Armeniasputnik.am-ը գրում է․

Եռաբլուրում հուղարկավորված Սաշա Ռուստամյանը զոհվել է պատերազմի երկրորդ օրը` սեպտեմբերի 28-ին։ Ռուստամյանի եղբայրն ասում է` իրեն տանջում է այն միտքը, որ տան մեծն ինքն է, բայց եղբայրը զոհվեց։

Արցախյան պատերազմի ժամանակ զոհված ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը, ճիշտ է, չհասցրեց վիրավորներին օգնության հասնել, սակայն նրա հետ կատարված դեպքն օգնեց, որ Քարվաճառի դիրքերից մեկում գտնվող տղաները փրկվեն։

...26-ամյա Սաշայենց նորակառույց տանն ենք, որը կառուցվում էր այն նպատակով, որ Սաշան տարիներ անց կամուսնանա ու այդտեղ կապրի ծնողների հետ։ Տան բոլոր անկյուններում նրա շունչը կա` հոսանքն ինքն է քաշել, պարիսպն է շարել... Որոշել էին մինչև Ամանոր ավարտին հասցնել գործերն ու Նոր տարին նոր տանը նշել։ Մնացել էր տան միջանցքի վերանորոգման խնդիրը, որի համար էլ Քարվաճառի զորամասի բժիշկը 4 օրով թույլտվություն էր վերցրել և տուն վերադարձել։

Саша Рустамян
Ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյան

Սաշայի եղբայրը` Գուրգենը, պատմում է, որ միջանցքի վերանորոգման աշխատանքներն ավարտել են սեպտեմբերի 27-ի լուսադեմին և հոգնած պառկել քնելու։ Ժամեր անց զանգել, ասել են, որ պատերազմ է սկսվել։

«Սաշան ուզում էր վայրկյան առաջ հասնել Արցախ։ Արագ գնացինք «Կիլիկիա» ավտոկայան։ Վարորդները հրաժարվում էին նրան Արցախ տանել, որովհետև խոսակցություններ կային, որ ճանապարհները թիրախի տակ են։ Սաշային հնարավոր չէր մտափոխել, որ գոնե մեկ օր ուշ գնա։ Վերջապես տարեց մի տղամարդու համոզեց` ասելով, որ բազմաթիվ վիրավորներ հիմա գուցե իր կարիքն ունեն»,–պատմեց Գուրգենը։

Արցախ մեկնելու հենց հաջորդ օրը` սեպտեմբերի 28-ին, դիրքերից առաջին ահազանգը ստացան. օգնություն էր հարկավոր։ Դիրքեր պիտի բարձրանար մի բժշկուհի, բայց Սաշան թույլ չի տվել, որ կին գնա. արդեն հայտնի էր, որ վտանգը շատ մեծ է։

Саша Рустамян с однополчанами
Ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանն ընկերների հետ

Երեք հոգով` շտապօգնության վարորդը, մեկ զինվոր և Սաշան, ճանապարհ են ընկնում դեպի առաջնագիծ։ Երբ արդեն 2000 մետր բարձրացել էին, հայ զինվորականների համազգեստով տղամարդիկ կանգնեցրել են մոտեցող մեքենան։ Սաշան շտապելով իջել է` մտածելով, որ գուցե օգնության կարիք կա, ու ռազմական բժիշկը հայտնվել է ադրբեջանական դիվերսիոն խմբի շրջափակման մեջ։ Սաշային սպանել են, այդ ընթացքում վարորդը հասցրել է մեքենան շրջել ու միջից իրեն դեպի ձորը գլորել։ Մեքենայի վարորդին հաջողվել է ողջ մնալ, իսկ զինվորի մասին մոռացած են եղել ադրբեջանցիները, քանի որ նկատել են`բժիշկը զոհվել է,վարորդը` նետվել։ Մեքենայի ուղղությամբ բացած կրակահերթի հետևանքով զինվորն ուսի շրջանում մի քանի վնասվածքներ է ստացել, սակայն կարողացել է դուրս գալ մեքենայից և գլորվելով հասնել այնտեղ, ուր հայ զինվորներով լեցուն «ԿամԱԶ» է եղել։ Վիրավոր զինվորը դեպքի մասին պատմել է նրանց, կապ են հաստատել դիրքում գտնվողների հետ. ադրբեջանցի դիվերսանտներին հայտնաբերել են ու ոչնչացրել։

Գուրգենն ասում է, որ գումարտակի հրամանատարը հայտնել է` եթե կանխավ չիմանային դիվերսանտների գոյության մասին, դիրքը գրավելու էին, և 40 զինծառայող էր զոհվելու։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել