Եթե շուկայական տնտեսությունում առավել ակնհայտ է տեսնել և հասկանալ պահանջարկի և առաջարկի կորը, որի հատման կետը պետք է որոշի գինը, ապա հանրային ծառայությունների դեպքում նմանապես կա գին և քանակ: Հանրային ծառայության գինը հարկերն են, կամ, այսպես ասած, այն զոհողությունը, որ մենք կատարում ենք հանրային ծառայություններ ստանալու համար:
Ու այստեղ ծագում են բազմաթիվ խնդիրներ՝ կապված Երևան քաղաքի նորամուծված ՃՈ վճարների գանձման հետ: Կնշեմ միայն մեկը. ինչպե՞ս է իրականացել գնագոյացումը: Եթե վերոնշյալ սահմանումն է, այսինքն` այն հարկային վճար է, ապա հասկանալի չէ, թե ինչպես կոմերցիոն ֆիրման փայ ունի այդ տուրքից: Խոսվում է 70/30 ինչ-որ համամասնության մասին: Եթե սա ճիշտ է, ապա գնագոյացման խնդիրն իրոք շատ հարցականներ է առաջացնում: Ստացվում է, որ արդյունքում ունենք երկու մոդել.
1. Երթևեկության կանոնների պահպանումը հանրային ծառայություն է, որի դիմաց գանձվում է վճար: Այս հանրային ծառայությունում շահ հետապնդող ընկերությունը, ով հաշվետու չէ հանրության առաջ, 30 տոկոս փայատիրական իրավունք ունի: Սա աբսուրդ է:
2. Երթևեկության կանոնների պահպանումը կոմերցիոն ծառայություն է, քաղաքապետարանը կոմերցիոն շահ է հետապնդում և, համագործակցելով մեկ այլ ընկերության հետ 70/30 համամասնությամբ, հիմնել են բիզնես: Սա էլ է աբսուրդ:
Եվ այսպես, պետք է հասկանանք, թե ինչ ծառայություն են երթևեկության կանոնները:
Եվ չեմ պատկերացնում, թե ինչ տեսակի տենդեր է իրականացվել, ոչ էլ պատկերացնում եմ, թե ինչ պայմանագիր է կնքվել: