Impoqrik.am-ը գրում է.
Տանձը փոքրիկի համար շատ օգտակար մթերք է, այն կարելի է փոքրիկին տալ սկսած յոթ ամսական հասակից, սակայն նախապես ստուգելով փոքրիկի օրգանիզմի արձագանքը նոր մթերքին: Սկսեք կես թեյի գդալ պյուրեից, եթե խնդիրներ չառաջանան, աստիճանաբար քանակն ավելացրեք:
Տանձը պարունակում է վիտամին C, A, PP, B1, B2, ֆոլաթթու, կարոտին, պեկտիններ, բջջանյութ, հանքային աղեր:
Տանձով պյուրեն նպաստում է մարսողությանը, լավացնում է երիկամների և լյարդի աշխատանքը:
Հարկավոր է ընտրել քաղցր տեսակի տանձ կանաչ կեղևով և համասեռ միջուկով: Միրգն ընտրելուց հետո հարկավոր է այն լավ լվանալ, հեռացնել կեղևը, միջնամասը և ոչ մեծ կտորներով կտրատել, լցնել թավայի մեջ, վրան ջուր լցնել, այնպես որ ծածկի տանձը և եփել 10-15 րոպե: Թողնել, որ սառչի, պատառաքաղով տրորել կամ բլենդրով հարել: Կարելի է ավելացնել նաև մի քանի կաթիլ լիմոնի հյութ, եթե փոքրիկը ցիտրուսներից ալերգիա չունի:
9 ամսական հասակում արդեն փոքրիկին կարելի է տալ տանձով և բրնձով պյուրե: 50 գրամ բրինձը եփել ջրով, ստացված զանգվածը հարել բլենդերով կամ անցկացնել մաղով, Եռացնել 100 մլ կաթը և ավեացնել բրնձի զանգվածին, մի փոքր կարագ ավելացնել, լավ խառնել: Բրնձի խյուսին ավելացնել տանձի պյուրե կամ էլ թարմ տանձ`անցկացրած քերիչով: