ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկել է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի աշխատակից Նուրլան Իբրահիմովին, իսկ ակումբին տուգանել է 100,000 եվրոյով։

2020 թ. հոկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք էր հղել ՈՒԵՖԱ՝ պահանջելով խստագույնս պատժել ինչպես ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին, այնպես էլ ակումբին։ ՀՖՖ-ն նաև վերջին ամսվա ընթացքում բազմաթիվ բողոքներ էր ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ: Բանն այն է, որ Նուրլան Իբրահիմովը նման բովանդակությամբ գրառում էր կատարել, ապա հեռացրել այն. «Մենք պետք է սպանենք հայերին առանց տարբերակման, առանց ափսոսանքի ու կարեկցանքի»:

ՈՒԵՖԱ Վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմինն այսօր որոշում է կայացրել ցմահ արգելել վերոնշյալ աշխատակցին զբաղվել ֆուտբոլի հետ կապված որևէ գործունեությամբ` սկսած կասեցման օրվանից (2020 թ. նոյեմբերի 3-ից), պահանջել ՖԻՖԱ-ից ընդլայնել վերը նշված ցմահ արգելքն ամբողջ աշխարհում, իսկ ադրբեջանական ակումբին՝ տուգանել 100,000 եվրոյով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել