2020 թ. հոկտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականցվել է 12 308 իրավունքի պետական գրանցման գործարք, որը մոտ 6000-ով պակաս է նախորդ տարվա հոկտեմբերի ցուցանիշից: Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի ներկայացրած անշարժ գույքի շուկայի հոկտեմբեր ամսվա վերլուծությունից:

2020 թ. հոկտեմբերին հանրապետությունում գրանցված գործարքների քանակը՝ 2020 թ. սեպտեմբերի համեմատ, նվազել է 32.5 %-ով, իսկ 2019 թ. հոկտեմբերի համեմատ՝ 32.9 %-ով:

«Երևանում հոկտեմբերին գրանցված գործարքների քանակը՝ սեպտեմբերի համեմատ, նվազել է 14.4 %-ով, իսկ 2019 թ. հոկտեմբերի համեմատ՝ 15.4 %-ով: Մարզերի քաղաքային բնակավայրերում հոկտեմբերին գրանցված գործարքների քանակը՝ այս տարվա սեպտեմբերի համեմատ, նվազել է 31.6 %-ով, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ՝ 36.9 %-ով: Իսկ գյուղական բնակավայրերում գրանցված գործարքների քանակը վերջին մեկ ամսվա կտրվածքով՝ հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ, նվազել է 45.4 %-ով, 2019 թ. հոկտեմբերի համեմատ՝ 43.2 %-ով»,- ասվում է վերլուծությունում:

Հանրապետությունում 2020 թ. հոկտեմբերին ընդհանուր գործարքների առավել բարձր տոկոսաչափը՝ 40.7 %, գրանցվել է օտարման գործարքների նկատմամբ: Թվային արտահայտությամբ՝ հոկտեմբերին օտարվել է 5013 անշարժ գույք: Գրավադրման գործարքները կազմում են 16.1 % կամ 1987 գույք, իսկ վարձակալության գործարքները՝ 5.3 % կամ 655:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել