168.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է, և նրա պաշտոնավարումը ոչ միայն օրըստօրե ավելի է ծանրացնում մեր վիճակն Արցախում և դիվանագիտական ճակատում, այլև նպաստում է սոցիալական ու տնտեսական ծանր վիճակի խորացմանը, անգամ՝ համաճարակի տարածմանը։ Բայց ամենակարևորը հանրային սպասումներն են, որ հիմա կենտրոնացած են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վրա, և այդ պատճառով հասարակությունը դեռևս չի կարողանում թոթափել ցասումը և մտածել՝ ինչպես ընթացիկ օրհասական վիճակի լուծման մասին, այնպես էլ՝ փորձել ապագան կառուցելու տեսլական մշակել։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նրա և նրա թիմի հանդեպ արդարադատության իրականացումը կարող են հոգեբանական հնարավորություն ստեղծել մի փոքր մեջքներս շտկելու և անցնելու՝ ինչպես քաղաքական համակարգի վերականգնմանը, այնպես էլ՝ մտածելու երկրի ապագայի մասին։

Պատմությունը ցույց է տվել, որ բազմաթիվ երկրներ, պարտվելով պատերազմներում, կապիտուլյացիայի ենթարկվելով, հետագայում կարողացել են շատ արագ վերականգնվել և գտնել իրենց տեղը համաշխարհային կամ ռեգիոնալ լիդերների շարքում։ Բավական է հիշատակել Գերմանիայի փորձն Առաջին և Երկրորդ աշխարհամարտերից հետո ընկած շրջանում, կամ Ճապոնիան՝ 1945թ․-ից հետո։ Ընդ որում, ուսումնասիրելով այս երկրների փորձը, շատ կարևոր է նաև հասկանալ նրանց սխալները և փորձել խուսափել այդ սխալներից։

Օրինակ, Առաջին համաշխարհայինում կապիտուլյացիայի ենթարկված, տարածքային բզկտված Գերմանիան կարողացավ շատ արագ, շուրջ 20 տարում այնպիսի զարգացում ապրել, որ համարեց, թե տնտեսապես և ռազմապես պատրաստ է նոր պատերազմ սկսել։ Այսինքն, այս ընթացքում Գերմանիան կարողացավ և տնտեսություն զարգացնել, և բանակ կառուցել ու սպառազինել, և հստակ անվտանգային արտաքին քաղաքականություն վարել։ Միաժամանակ, այս ընթացքում գերմանացիներն անընդհատ մեղավորներ էին փնտրում, թե ինչպես ստացվեց, որ թշնամու ոտքն իրենց երկիր չմտավ, բայց իրենք կապիտուլյացվեցին։ Այս միտումը հիմք դարձավ, որ պոպուլիստ ղեկավարները մանիպուլյացնեն հասարակությունը դեպի հակակոմունիզմի և հակահրեականության խայտառակ քաղաքականության՝ Հոլոքոստով ու ֆաշիզմով հանդերձ։

Միջպատերազմյան Գերմանիայի օրինակը կարևոր է նրանով, որ երկիրը չուներ անվտանգության հովանավոր, բայց կարողացավ նաև շատ ճկուն դիվանագիտությամբ խուսափել նոր պատերազմից մինչև այն պահը, երբ ինքը որոշեց պատերազմ սկսել։

Ուսանելի է նաև Ճապոնիայի փորձը, որը պատերազմում ավերված, անգամ՝ միջուկային հարված կրած երկրից՝ ընդամենը 22 տարում կարողացավ վերագտնել իրեն և դառնալ աշխարհի 2-րդ տնտեսությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ճապոնիայում են տեղակայված ամերիկյան զինված ուժերը՝ այժմ շուրջ 50 հազար զինվորական՝ 23 ռազմական բազաներում, գումարած Հարավ-Արևելյան Ասիայում գտնվող ամերիկյան Երրորդ նավատորմը՝ 21 մարտանավով և 8 հազար զինվորականով, սակայն ամերիկյան օկուպացիայի թեման ներճապոնական քաղաքական բանավեճում ամենակարևորը չէ։ Ճապոնացիներն ընդունում են փաստը և փորձում են դրա շուրջ սպեկուլյացիաների փոխարեն՝ օգտվել անվտանգության հովանոցի առկայության առավելություններից։ Ի դեպ, չնայած հսկայական ռազմական ներկայությանը, անցած դարի 80-90-ականներին Միացյալ Նահանգներում լրջորեն քննարկվում էր այն թեզը, որ տեխնոլոգիական զարգացման շնորհիվ Ճապոնիան դառնում է ԱՄՆ-ի համար ազգային անվտանգության սպառնալիք։

Ներկայացրածը նույնիսկ պատմական փաստերի քննարկում չէ, քանի որ պատմական ժամանակաշրջանները, աշխարհաքաղաքական պայմաններն այս երկրների և այսօրվա Հայաստանի համար տրամագծորեն հակառակն են: Սակայն կարևոր է ընդգծել, որ թե Գերմանիան, թե Ճապոնիան Երկրորդ աշխարհամարտից հետո կարողացան ոտքի կանգնել մի կարևորագույն հանգամանքի շնորհիվ՝ երբ հանեցին պոպուլիզմը և ատելության խոսքը հանրային և քաղաքական դիսկուրսից։

Ի դեպ, այս խնդրի գիտակցումն ինքնըստինքյան չի լինում, միշտ չի, որ հասարակությունը և քաղաքական գործիչները հասկանում են պոպուլիզմի ավերիչ ազդեցությունը։ Օրինակ, մեր հարևան Վրաստանն իր անկախության սկզբին պոպուլիստ Գամսախուրդիայի ղեկավարությամբ կորցրեց Աբխազիան, հաջորդ իշխանությանը հազիվ հաջողվեց փրկել Աջարիան և Մենգրելիան։ Սակայն  դա դաս չեղավ Վրաստանի համար, և ընդամենը 10-12 տարի հետո իշխանության եկավ պոպուլիստ Սահակաշվիլին, որի օրոք Վրաստանը զրկվեց նաև Հարավային Օսիայից, իսկ Աբխազիայի հարցը վերջնականորեն թաղվեց։

Զարգացման ձգտող երկրներում պոպուլիզմի տարբեր դրսևորումների դեմ աշխատանքը չի թողնվում ինքնահոսի, այլ այն պետական քաղաքականության լուրջ բաղադրիչ է, և հաճախ քաղաքական կոնսենսուսի հետևանքով անգամ իշխանության համար պայքարում պոպուլիզմը չի բերվում առաջին պլան։ Ատելության խոսքի թույնի մեջ թաղված Հայաստանի ետնիկոլյան շրջանի համար զարգացման կարևորագույն գրավական պետք է լինի հենց հասարակական դիսկուրսում այս խնդրի հաղթահարումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել