Երեկ հայտնվեցի ինձ համար անսովոր իրավիճակում՝ համացանցային տիրույթում ակամա արժանանալով հանրային չվաստակած ուշադրության՝ կապված ինձ ԱԱԾ հրավիրած լինելու տեղեկատվության հրապարակումների հետ: Այս մասին պարզաբանում է տարածել Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Պարզաբանման մեջ նաեւ ասվում է. «Նկատի առնելով, որ այս ընթացքում ստացել եմ բազմաթիվ հեռախոսազանգեր, որոնց մի մասին չեմ կարողացել արձագանքել, նպատակահարմար եմ տեսնում ընդհանրացված ներկայացնել հետեւյալը:

Նախ խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլորին, ովքեր իրենց զորակցությունն են փոխանցել ինձ եւ տեղեկացնել, որ որեւէ անհանգստության պատճառ չկա: Ես գտնվում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ շարունակում եմ իմ ծառայությունը:

Հրապարակված տեղեկատվության հետ առնչված ցանկանում եմ հայտնել, որ օրեր առաջ ոչ իմ նախաձեռնությամբ եւ ոչ իմ առաջարկած վայրում հանդիպում ունեցել եմ ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հավելյալ մանրամասների չեմ ցանկանա անդրադառնալ: Անհրաժեշտության դեպքում ԱԱԾ ներկայացուցիչներն իրենք կարող են այդ մասին խոսել:

ԱԱԾ մամուլի կենտրոնին խորհուրդ կտայի իրողությունը հերքելուց առաջ խորհրդակցել ԱԱԾ ղեկավար կազմի հետ:

Ինչ վերաբերում է իմ դիրքորոշումներին ու համոզումներին, առնչված վարչապետի հրաժարականի հետ, դրանք մնում են նույնը:

Շարունակելու եմ ծառայել իմ Եկեղեցուն ու իմ ժողովրդին՝ ապավինելով Աստծու օրհնությանն ու զորակցությանը:

Թող Տերը օրհնի մեր երկիրը եւ մեր ժողովրդին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել