Ամառվա այս շոգը դեռ բավական չէ, մեզ նաև ճանճերն ու մոծակներն են անհանգստացնում իրենց ներկայությամբ, որոնք ոչ միայն ազդում են մեր նյարդերի վրա, այլ նաև կարող են լուրջ առողջական խնդիրներ առաջացնել: Կենդանիների արտաթորանքի, աղբի վրա նստող ճանճերը հաճախ նաև մեր սննդի վրա են հայտնվում, ինչի միջոցով տարբեր բակտերիաներ, հիվանդության հարուցիչներ են փոխանցում սննդին, իսկ դրա օգտագործումից էլ` հետևաբար մեր օրգանիզմին:
Մեկ ճանճը կարող է մոտ մեկ միլիոն բակտերիա կրել և ավելի քան 60 տեսակ հիվանդություն` սալմոնելայից մինչև դիզենտերիա:
Որպեսզի կարողանաք պակասեցնել ճանճերի քանակը, անհրաժեշտ կլինի պակասեցնել այն վայրերը, որտեղ նրանք կարող են սնվել կամ բազմանալ:
Ձեզ ենք ներկայացնում ճանճերի դեմ պայքարելու մի քանի միջոց:

1.Սանիտարական մաքուր պայմաններ

Ճանճերը չեն սիրում մաքուր միջավայր, և այն նրանց բազմանալու և ձվադրելու համար անբարենպաստ է: Այդ իսկ պատճառով ճանճերին հեռու պահելու համար անհրաժեշտ է`

  • Կենդանիների թողած արտաթորանքը խնամքով մաքրել. դրանք գրավում են ճանճերին: Մաքրելուց հետո անհրաժեշտ է նետել այն խնամքով փակված աղբամանի մեջ:
  • Ուտելուց հետո խնամքով հավաքեք սննդի մնացորդները. օրգանական թափոնները նույնպես գրավում են նրանց: Հավաքելուց հետո խնամքով թաքցրեք այն:
  • Ինչպես նշվեց նախորդ կետերում, անհրաժեշտ է աղբամանը պինդ փակել, քանի որ սա ճանճերի թերևս ամենասիրելի վայրն է:
  • Եթե նույնիսկ առանձին թափոններ եք հավաքում, օրինակ` պլաստիկե շշեր կամ գարեջրի շշեր, նորից փակ կափարիչներով անոթների կամ արկղերի մեջ հավաքեք, քանի որ դրանց խոնավությունն ու քաղցր հոտը գրավում են ճանճերին:
  • Չափից շատ մի ջրեք այգու բույսերը. մահացած բույսերի արգասիքները նույնպես գրավում են ճանճերին: Հաճախակի փոխեք նաև սենյակում պահվող ծաղկամանի ջուրը:

2.Խոչընդոտներ և ծուղակներ

Վերը նշված կետերն, իհարկե, կօգնեն, սակայն ամբողջությամբ չեն ազատի ձեզ ճանճերից: Դրա համար առաջարկում ենք մի քանի այլ միջոցներ:

  • Պատուհաններին խիտ ցանցեր տեղադրեք, որպեսզի ճանճերը չկարողանան ներս թափանցել:
  • Ճանճերի դեմ կպչուն ժապավենները իրենց գործն անում են, մանավանդ երբ քիչ ճանճ կա տարածքում: Այնուամենայնիվ, ձեզ կարող է դուր չգալ սենյակի մեջ մահացած ճանճերով կախված այն ժապավենը:

3. Թունաքիմիկատներ

Գոյություն ունեն հատուկ թունաքիմիկատներ, որոնց օգտագործումն այնուամենայնիվ խորհուրդ չի տրվում, քանի որ դրանք կարող են վատ անդրադառնալ նաև մարդկանց վրա:

Օգտագործեք վերը նշված մյուս միջոցները, իսկ թունաքիմիկատները` միայն խիստ ծայրահեղ դեպքում: 

Ճանճերի դեմ պայքարելու լավագույն միջոցը, այսպիսով, սանիտարական մաքուր պայմանների ստեղծումն է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել