Lragir.am-ը գրում է.
Մահացել է Էմիլ Աբրահամյանը… Այս ցավալի լուրը կայծակի պես խոցեց հադրութցիների առանց այն էլ վիրավոր հոգիները, որոնք դեռ ուշքի չեն գալիս իրենց հայրենի քաղաքի կորստից:
Չկա մի հադրութցի, որը չճանաչի այս մեծ հայրենասերին՝ Ղարաբաղյան շարժման առաջնորդներից և գաղափարախոսներից մեկին: Արթուր Մկրտչյանի, Իգոր Մուրադյանի, Մանվել Սարգսյանի և շարժման այլ ակտիվիստների ուղեկիցը` Էմիլը, բոլորից առանձնանում էր իր սկզբունքայնությամբ, ազգային գաղափարների ճշգրտության մեջ համոզվածությամբ, ոգու ամրությամբ, անձնական ցավը հայկական պետականության վերածննդի մեծ գործին ստորադասելու կարողությամբ:
Վիրտուոզ դիմանկարիչը, ազգային պետություն կերտելու գաղափարախոսի ունակություններով օժտված մարդն ու միևնույն ժամանակ համեստ հայրենասերն իր ժողովրդի կողմից չգնահատված մնաց։ Ազգային-ազատագրական շարժման ու ազատ ու անկախ Միացյալ Հայաստան կառուցելու գաղափարի ջատագովն այդպես էլ չտեսավ իր երազած երկիրը, ինչպես դա չտեսան շատ ազատատենչ հայեր, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն այս գաղափարի:
Ղարաբաղյան շարժումն Էմիլից խլեց հորը՝ Սամվել Աբրահամյանին, որին կտտանքների ենթարկեցին ադրբեջանական գերության մեջ, որտեղ նա հայտնվել էր Էմիլի փոխարեն, ում 1988-ին հետապնդում էին ռուսական պարեկատունը և ադրբեջանական ՕՄՕՆ-ը: Այնուհետև ղարաբաղյան առաջին պատերազմը խլեց նրա եղբորը՝ Էրիկ Աբրահամյանին և նրա քրոջ ամուսնուն՝ Շահեն Ստեփանյանին: Բայց նույնիսկ այս դառը կորուստները չէին կարող կոտրել իր երկրի ազատության և անկախության հանդեպ Էմիլի կամքը:
ԼՂՀ ստեղծումից և պատերազմի ավարտից հետո, Էմիլը, արդեն մեծ տարիքում, ամուսնացավ գեղեցկուհի Նարինեի հետ, որի հետ լույս աշխարհ բերեցին իրենց որդուն՝ Սամվելին:
Բայց Հադրութը չկարողացավ գնահատել իր արժանի որդուն: Այն ժամանակվա իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումներ և ճնշումներ սկսվեցին Էմիլի և նրա ընտանիքի նկատմամբ: Էմիլը ստիպված էր ընտանիքի հետ տեղափոխվել Երևան, որտեղ մինչև կյանքի վերջին օրերն ապրում էր շատ համեստ կյանքով՝ վաստակելով իր նկարներով:
Երբեմն հետ ես նայում և սկսում հասկանալ, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր, սկիզբ է առել դեռևս հետպատերազմյան տարիներին, և արդեն այդ ժամանակ սկսվեցին Շարժման իդեալներից շեղվելու և պատերազմում հաղթած երկիրը երրորդ երկրների շահերին ստորադասելու միտումները: Հենց այդ պատճառով արդեն 1997 թվականից սկսած սկսեցին ճնշել Շարժման բոլոր ակտիվիստներին և պատերազմի մասնակիցներին:
Վետերաններն ու, այսպես կոչված, ընդդիմությունը քաղաքացիական հասարակությունը ոչնչացնելու և այլախոհներին հետապնդելու յուրատեսակ գործիք դարձան: Ավաղ, այսօր մենք քաղում ենք ազատության և ինքնիշխանության ջատագովների դեմ իշխանության մեջ գտնվողների 23-ամյա պայքարի պտուղները:
Էմիլը կյանքից հեռացավ կորոնավիրուսի պատճառով: Բայց նույնիսկ եթե չլիներ այս նենգ հիվանդությունը, միացյալ Հայաստանի ազատության և անկախության այս մեծ մարտիկը՝ Էմիլ Աբրահամյանը, կմահանար իր այնքան սիրելի Արցախը Ադրբեջանին հանձնելու ամոթից, որի դեմ մենք ժամանակին անիրականանալի թվացող համահայկական ազգային-ազատագրական շարժում ենք իրականացրել և անհավասար պատերազմում պարտության մատնել Լեռնային Ղարաբաղն ուզուրպացրած երկրին:
Ժողովուրդը, որ չկարողացավ գնահատել Արթուր Մկրտչյանին, Իգոր Մուրադյանին, բնականաբար, չգնահատեց նաև Էմիլ Աբրահամյանին: Ցավոք, նման ժողովուրդը չի կարող արժանապատիվ ապագա ունենալ, անկախ նրանից, թե որքան ենք դա ցանկանում․․․
Հանգչիր խաղաղությամբ, մեր սիրելի ընկեր: Ներիր, որ չկարողացանք ավարտին հասցնել մեր իսկ սկսած՝ մեր երազանքների պետությունը կառուցելու գործը: Ցտեսություն երկնքում, որտեղ շատ շուտով կհայտնվենք, որովհետև ապրել այն մտքով, որ այլևս չկա մեր մեծ, հաստատակամ, հեղափոխական Հադրութը, որ մեր թշնամիներն այսօր քայլում են նրա հողի վրա, իսկ բարբարոսներն ապրում են մեր տներում…
Թող հայոց հողը թեթև լինի վրադ…