Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին անդամ, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հետ իր վերջին հեռախոսազրույցի մասին:

«Զրույց Արթուր Գրիգորյանի հետ: Հեռախոսի զանգն արդեն ութերորդ, իններորդն է: Գիտեմ, որ մտածում ես, թե ո՞վ է, ի՞նչ մի կարևոր բան պիտի ասի այս պահին: Ոչ մի կարևոր բան, Շուշին կորցնելուց հետո ինձ համար էլ, քեզ համար էլ որևէ կարևոր բան չկա, պարզապես զանգում եմ, քեզ հետ խոսելու կարիք ունեմ: Գիտեմ, չես կարող ոչինչ ասել, բայց  վերցրու խոսափողը, թեկուզ  լռես, միևնույն է, վերցրու: Քո լռությունն ավելի խոսուն է, քան շատերի  սուտ հայրենասիրական ճղճղոցները:

Պատերազմը նոր էր ավարտվել, 1994-ն էր, միասին Լոս Անջելեսում էինք։ Հաղթել էինք, հպարտ էինք, Շուշին մերն էր, գլուխներս բարձր, քիթներս տնկած ման էինք գալիս։ Ասացիր` մտքիցդ հանիր Ամերիկան, մենք Հայաստանում շատ գործ ունենք անելու։ Հաղթանակը դեռ սկիզբն է, հայրենիքը նոր պետք է շենացնենք:

Զանգերը գնում են, տասներորդ, տասնմեկերորդ...

Ստեփանակերտում «Ընծա» փառատոնն էիր կազմակերպել, ես ժյուրիի նախագահն էի, ընտանիքով եկել էինք Ստեփանակերտ, մայրս մեզ հետ էր։ Դրանից հետո մայրս ասում էր`  տարին մի քանի անգամ երեխաներին տար Արցախ, կմաքրվեն։ Այդպես էլ անում էի, հատկապես մորս մահից հետո։

Ես համբերատար պահում եմ խոսափողը, զանգերը գնում են...

Արցախի անկախության նախօրյակն էր` սեպտեմբերի 1-ը, Շուշիում էինք։ Ամբողջ գիշեր խոսեցինք դեսից-դենից, արդարությունից, անկախությունից, ապագայից, երեխաներից: Հիշեցինք 1994- ը, երբ միասին Լոս Անջելեսում էինք։ Ասացիր` հիշում ես, որ ասում էի դեռ շատ անելիք ունենք, այս օրվա համար էի ասում: Հիշո՞ւմ ես մայրդ ոնց էր սիրել Շուշին։ Տես, ինչ հրաշք է մեր  գեղեցկուհի Շուշին: Հիմա ես այդ նույն 1994-ի Լոս Անջելեսի  հյուրանոցի առջև կանգնել եմ ու քեզ եմ զանգում, զանգերը գնում են։ Դու վերցնում ես լսափողն ու լռում։ Որքան ասելիք կա քո  լռության մեջ:

Լսում եմ  ծանր շնչառությունդ։ Երևի հիշել ես այն, ինչ ես հիշեցի։ Արցունքներդ ներսում են  հոսում: Խորքից հազիվ լսում եմ` «Ների՛ր, Շուշի» ։

Ո՞վ կմտածեր, որ 26 տարի անց  այսքան նսեմացած, ծնկած ու տրորված կլինեինք։ Թաց աչքերս թաքցնում եմ անցորդներից, մտքումս կրկնելով՝ «Ների՛ր, Շուշի»»,- գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել