ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ սպառնացել է, որ իրականությունը ներկայացնող հեռուստաընկերությունների հանդեպ վարչական վարույթներ են բացվում։ Այստեղ խնդիրն այն չէ, որ այս սպառնալիքն ակնհայտորեն ուղղված է իշխանությանն անհաճո հեռուստաընկերությունների դեմ։ Նաեւ այն չէ, որ ՀՌՀ-ի հատուկ հոգածության տակ գտնվող Հ1-ը շարունակում է սպառնալիքներ ու հաշվեհարդարի կոչեր հնչեցնել եւ ատելություն քարոզել։
Այստեղ պարադոքսն ավելի շատ մեթոդական է։ Տիգրան Հակոբյանը, ով երեւի Կերենսկու ժամանակներից միշտ եղել է իշխանության մաս՝ շնորհիվ իր քաղաքական հոտառության եւ ժամանակին ճամբարափոխ լինելու ճկունության, այժմ քաղաքական դիակի նեխահոտի մեջ արդեն չի տարբերակում բույրերը։ Իշխանությունն անցել է ընդդիմախոսների դիֆուզ ձերբակալությունների, Նիկոլը բունկերից բունկերից է փախչում, կառավարությունը վերջին խռխռոցն է արտաբերում, իսկ Տիգրան Հակոբյանը շարունակում է անվրդով կատարել լրատվական ցերբերի դերն ու հաթաթաներ տալ, կարծես ո՛չ 5000 զոհ են տվել, ո՛չ էլ Արցախն ենք հանձնել։
Եթե քաղաքական դինոզավրն է կորցնում ինքնապաշտպանության բնազդը, ինչո՞ւ ենք զարմանում 88 (±3) երիտասարդ տղաների ու աղջիկների նիկոլական մոլեռանդությունից։