Ինձ դուր չի գալիս այն, ինչի վերածեցին տրանսպորտի դեմ պայքարի ալիքը ընդամենը մի խումբ ակտիվիստներ, և բացատրեմ, թե ինչու...
Նախ, տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դեռ մի տասը օր առաջ հասարակության լայն շերտերի համակրանքը վայելող այս ալիքը հիմա արդեն նույն լայն շերտերի մոտ ասոցացվում է մի քանի հոգուց բաղկացած այն խմբի հետ, որը միմոսություններ է անում քաղաքապետարանի առջև, իսկ երեկ չէ առաջին օրն էլ, նացիստական լավագույն ավանդույթների համաձայն, որոշում էր, թե որ լրագրողն իրավունք ունի աշխատել Մաշտոցի պուրակում, իսկ որը` ոչ...
Ինչևիցե, վերադառնամ բուն թեմային ու թվարկեմ այն պատճառները, թե ինչո՞ւ ես, շարունակելով համակրել պայքարի ոգին ու շարժման խորհուրդը, չեմ ընդունում այն մի քանի տասնյակ մարդուց բաղկացած խմբի վարքն ու գործունեությունը, որի մասին խոսվում է.
- Խնդիրը մանրացվեց ու բերվեց, հասցվեց Նավասարդյանի ու Համբարձումյանի հրաժարականի հարցին: Անձամբ ինձ համար սա տասներորդական խնդիր է, որովհետև ես համարում եմ, որ իշխանություններն ունեն ռեզերվում սպասող նավասարդյանների ու համբարձումյանների անսպառ պաշարներ, և քանի դեռ չի վերացվել խնդիրը, անիմաստ է փոխել հետևանքները՝ ի դեմս անուն-ազգանունների:
- Այս միկրոսկոպիկ քվազի-պայքարին լծված երիտասարդները իրենք են դրսևորում անտրամաբանական ու անհասկանալի վարք և պահանջներ, որոնք պարբերաբար հակասության մեջ են մտնում իրար հետ: Դատեք ինքներդ. երբ իրենց պետք է, հանդես են գալիս ազատական-ժողովրդավարական հիմքերից (օրինակ` ոստիկանների հետ վիճելիս կամ կոնկրետ իրենց իրավունքներից խոսելիս), երբ իրենց պետք է, հանդես են գալիս կոմունիստական դիրքերից (օրինակ` գծերի պետականացման նախաձեռնությունը), երբ իրենց պետք է, հանդես են գալիս ֆաշիստա-անարխիստական հիմքերից (լրագրողներին վտարելը)... Երեկ մի տեղ կարդացի, որ սա դասական անարխիայի դրսևորում է: Համաձայն չեմ, սա դասական շիլափլավ է լոկ:
- Այս շարժման մեջ ընդգրկված առանձին մարդիկ ակնհայտորեն սկզբունքների համար չեն պայքարում, այլ նեղանձնական մոտիվներով՝ ճանաչում ու փառք ձեռք բերելու ցանկություն, քաղաքական պատվերի կատարում, ինչո՞ւ ոչ, բուն շարժումը զրոյացնելու ու դրա հետագա դրսևորումները թուլացնելու ցանկություն:
- Եվ վերջապես, ինձ ահավոր դուր չի գալիս, թե ինչքան անհայտ են այս ամենի հետևում երևում Անդրեաս Ղուկասյանի ականջները` դրանից բխող բոլոր հետևանքներով ու եզրահանգումներով հանդերձ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/desicdenicblog/posts/211239319032099
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել