Նոյեմբերի 19-ին արտգործնախարար Արա Այվազյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպան  Ֆան Յունին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։

Նախարար Այվազյանը շնորհավորել է Ֆան Յունին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր արժեքավոր ավանդը կունենա հայ-չինական բազմաոլորտ հարաբերությունների դինամիկան պահպանելու եւ երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու գործում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար՝ դեսպան Յունը նախարար Այվազյանին է փոխանցել ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իի շնորհավորանքները եւ բարեմաղթանքները նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ առանձնահատուկ շեշտելով առեւտրատնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

ԱԳ նախարարը դեսպանին համապարփակ տեղեկատվություն է հաղորդել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի եւ դրա հասցեագրման ուղղությամբ իրականացվող գործողությունների մասին: Նախարար Այվազյանն այս առնչությամբ կարեւորել է միջազգային հանրության հնարավորինս լայն աջակցությունը:

Չինաստանի նորանշանակ դեսպանը հայտնել է, որ ՉԺՀ պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ առ այն, որ ԼՂ հիմնախնդրի վերջնական կարգավորումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել