Հուլիսի 31-ին Մաշտոցի պուրակում արդեն պարբերաբար կազմակերպվող քննարկումների ժամանակ որոշ լրատվամիջոցներին ուղղված հեռացման պահանջը լայն քննարկման առարա դարձավ։ Իշխանական ամբողջ մեդիազինանոցը ուղղվեց շարժման մասնակիցների վրա, ինչից անմասն չմնացին նաև ընդդիմադիր հատվածի մի մասը՝ համարելով սա լրագրողների իրավունքների ոտնահարում։ Տեսականորեն կարելի է սա համարել լրագրողների իրավունքների խախտում, եթե մի կողմ դնենք այն փաստը, որ այդ նույն լրագրողներն ու լրատվամիջոցները պարտավոր են ներկայացնել օբյեկտիվ, անաչառ տեղեկատվություն։ Իսկ արդյոք հեռացված լրատվամիջոցները տրամադրում են օբյեկտիվ տեղեկատվություն։ Գոնե նվազագույն դատողություն ունեցող մարդու համար պարզ է, որ ոչ։ 
Ի սկզբանե խախտվել է շարժման մասնակիցների օբյեկտիվ լուսաբանվելու և հանրության օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը, հետևաբար սա ուղղակի անհրաժեշտ ինքնապաշտպանություն է։ Եթե քո վրա մի քանի անգամ հարձակվել են դանակով, ապա հերթական ավազակային հարձակման պարագայում, կարծում եմ, իրավունք ունես դիմել անհրաժեշտ ինքնապաշտպանության՝ գոնե դանակները ձեռքներից հավաքելով(կարծում եմ Հ1-ի դեպքում տեխնիկան վերցնելու լիակատար իրավունքը քաղաքացիները ունեն))) )։ Նշվում է, որ դա հանրային տարածք է և հանրային բաց քննարկում և չէր կարելի արգելել։ Քննարկումը,բնականաբար, եղել է բաց և յուրաքանչյուր քաղաքացի կարող էր ներկայացնել իր տեսակետը և հենց այդ տեսակետի հիման վրա էլ նրա շուրջ կձևավորվեր հանրային կարծիք, իսկ լրատվամիջոցների պարագայում կարծիք է թելադրվում հազարավոր մարդկանց և մինչ այժմ ոչ ոք պատասխանատվության առաջ չի կանգնացրել ապատեղեկատվություն տարածող այդ լրատվամիջոցներին։ Համեմատության համար, եթե ես հանրային տարածքում նստաց սուրճ եմ ըմպում հարևանիս հետ, ապա պարտավոր չեմ թույլ տալ սուրճի սեղանի շուրջ խոսակցությանը մասնակցել բամբասկոտ իմ մյուս հարևանին։
Խոսվում է լրագրողական համերաշխության մասին․ իհարկե դա պետք է լինի, բայց միաժամանակ լրագրողական հանրույթը պետք է հասկանա պատասխանատվության այն ծանր բեռը, որ դրված է նրանց վրա և այս դեպքում համերաշխություն հայտնելը փաստերը խեղաթյուրող լրատվամիջոցին կամ լրագրողին, ոչնչով չի տարբերվում քրեական համերաշխությունից։ 
Մասնավոր մեդիաընկերությունների դիրքերը այս դեպքում մի փոքր ավելի ամուր են, քանի որ յուրաքանչյուր մեդիա կարող է որոշակի քաղաքականություն տանել, սակայն էականորեն հարցը բարդանում է հանրային հեռուստատեսության դեպքում։ Եթե հանրային հեռուստատեսությունը իսկապես պատկանի հանրությանը, ապա մասնավոր մեդիաընկերությունները խնդիր կունենան փաստերի խեղաթյուրման պարագայում։ Նման իրավիճակ է այս պահին ինտերնետային լրատվամիջոցների դեպքում, երբ մի քանի անկախ, կիսանկախ լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի առկայությունը սահմանափակում է մյուսների մանիպուլացիոն հնարավորությունները։
Ինչևէ, անկախ նրանից, թե ինպիսի վերաբերմունք ունենք կատարվածին, մի դրական կետ գոնե ակնհայտ է․ լրատվամիջոցների ոչ օբյեկտիվության, պատասխանատվության, բոյկոտի հավանականության հարցերի շուրջ քննարկումները մտան հանրային օրակարգ, մնում է սրանից բխեն անհրաժեշտ հետևություններ ու կոնկրետ գործողություններ։ Կարծում եմ առաջին քայլը պետք է լինի, ռեսուրսների առկայության դեպքում, անկախ լրատվամիջոցների թվի մեծացումը և որ ամենակարևորն է հանրային հեռուստատեսությունը հանրությանը վերադարձնելը, ինչը էականորեն կարող է փոխել լրատվական դաշտը։
Հ․Գ․ ես ինքս աշխատել եմ լրագրող և որևէ մեկը չէր կարող ինձ հեռացնել որևէ տարածքից՝ առանց ուժ կիրառելու, իսկ նրանք հեռացան․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել